Նախորդ պատումը՝ այստեղ:
«Այնտեղ, որտեղ բոլորը մոռանում են, մենք հիշեցնում ենք» «Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտը» ամեն ուրբաթ կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։ Գործարար ընկերս, որ բիզնեսներ ուներ տարբեր երկրներում, սովորություն ուներ՝ առանց զգուշացնելու մտնել գրասենյակս։ Սովորաբար՝ երեկոյան։
Սուրճ, հետո մի քիչ կոնյակ, ու զրույցներ տարբեր թեմաներով: Մենք մշտապես բանավիճում էինք բիզնեսում կորպորատիվ անվտանգության թեմաներով: Նրա տեսլականը հիմնված էր անձնական վստահության ու գործարարի հոտառության վրա, իմ մոտ հակառակն էր՝ վստահությունը պարտադիր պետք է համեմված լիներ անվտանգության ապահովման գծով պարտադիր գործոնների ապահովմամբ: Իմ հորդորներին կազմավորել իր բիզնեսների անվտանգություն ապահովող ստորաբաժանում, արժանանում էր նրա հումորին՝ դա ավելորդ ծախս է: Այդ օրը նա եկավ կեսօրին։ Այդ ժամին գործարար մարդիկ չեն այցելում դետեկտիվին, եթե ամեն ինչ կարգին է։ Մտքերով տարված նստել էր ու նույնիսկ սուրճի մասին առաջարկս լսեց երրորդ փորձից: Վերջին ամիսներին Վրաստանում գտնվող իր ֆիրմայում մեկը մյուսի հետեւից սկսվել էր բազմամյա կենսափորձով լավագույն մասնագետների արտահոսք։ Առանց աղմուկի, առանց սկանդալների։ Պարզապես դիմում են գրել այլ աշխատանքի անցնելու պատճառով եւ բարեկամաբար հեռացել։ Նրանք բոլորն էլ եկել էին ֆիրմա գրեթե միաժամանակ՝ անձնակազմի կառավարման պատասխանատուի կողմից հարցազրույց անցնելուց հետո: Ինքը նրանց ուսուցման ու մասնագիտական վերապատրաստման վրա ծախսել էր բավականին ռեսուրսներ: Հետո եկել էր հիմնական հարվածը։ Նոր արտադրանքի նախագիծը՝ դեռ չավարտված, դեռ փորձարկման փուլում, հայտնվել էր մրցակցի մոտ։ Ոչ միայն հայտնվել էր. մրցակիցը հասցրել էր արագ կազմակերպել արտադրությունը եւ, ամենաանհավանականը՝ պատենտավորել այն որպես սեփական մշակում։ Սա արդեն չէր կարող լինել զուտ պատահականություն, միանշանակ մրցակիցներն ակտիվ աշխատել են եւ բավականին պրոֆեսիոնալ: Այսինքն՝ գործ ունեինք բիզնես շպիոնաժի ամենադասական տեսակի հետ: Ընկերոջս կասկածը տեխնիկայի միջոցով տեղեկատվական արտահոսքի վրա էր։ Ես այլ կերպ էի տեսնում այդ «պատահականությունները»: Ես խնդրեցի աշխատակիցների հաստիքացուցակը եւ գրասենյակի կառուցվածքը։ Ով երբ է ընդունվել, ինչով է զբաղվում, ով ում հետ է շփվում, ովքեր են աշխատում ոչ ֆորմալ տարածքներում։ Պետք էր վերլուծել ամեն մանրուք՝ տեխնիկական խնդիրներից մինչեւ մարդկային գործոն: Ընկերս կասկածում էր, որ իրեն լսում են, իսկ մենք համոզված էինք: Դա ենթադրություն չէր, այլ ներքին ինտուիցիայից եկող զգացում՝ այն, որը դետեկտիվների մոտ հազվադեպ է սխալ լինում։ Առաջարկեցի գնալ առանց զգուշացման իր մոտ եւ տեղում իրականացնել տարածքի «սանիտարական մաքրում»: Մենք այցելեցինք Վրաստան ու նրա գրասենյակ գիշերով: Ոչ ոք չգիտեր մեր այցի մասին, բացի ընկերոջիցս եւ իր հավատարիմ օգնականից: Կասկածելի վայրն ուներ կոնկրետ հասցե՝ ընկերոջս աշխատասենյակն ու կոնֆերանս սրահը։ Այդտեղ էին քննարկվում բոլոր բիզնես հարցերը, նոր արտադրանքի մանրամասները, գործընկերների անունները, պայմանագրերը։ Եթե ինչ-որ մեկը տեղեկություն էր հավաքում, ապա հենց այդտեղից։ Այս հատվածներում են քննարկում այն ամենն, ինչ փող արժե։ Մի ամբողջ գիշեր մասնագետները «Վարպետի» գլխավորությամբ կատարում էին «տարածքի սանիտարական մաքրման» աշխատանքներ։ Պատերը, առաստաղը, կահույքը, վարդակները, լույսերը, նույնիսկ գրապահարանի գրքերը: Ոչ մի սարք։ Ոչ մի կասկածելի ազդանշան: Կիբեռանվտանգության թիմը նույնպես աշխատեց մինչեւ առավոտ։ Ցանցի անալիզ, համակարգիչներ, սերվերներ, երթուղիչներ։ Զրո արդյունք։ Հեռավար կամ համացանցային միջամտությունը բացառվում էր: Երբ ավարտեցինք, ես չասացի ընկերոջս՝ «ամեն ինչ լավ է»։ Այդ նախադասությունը բթացնում է զգոնությունը։ Փոխարենը առաջարկեցի առավոտյան շուտ գալ աշխատանքի՝ բոլորից առաջ, երբ շենքում միայն հավաքարարներն են։ Առավոտյան մտանք շենք։ Մաքրության հոտ եւ դատարկ միջանցքներ։ Մտանք նրա աշխատասենյակ։ Ես անմիջապես մոտեցա սեղանին։ Ես սարք չէի որոնում, այլ` փոփոխություններ։ Գիշերը ֆիքսել էի սեղանի վրա ամեն դետալ: Թղթերի դիրքը, աթոռների դասավորվածությունը, սեղանի վրայի պիտույքները: Ամեն բան իր տեղում էր, փոփոխություն չկար: Սեղանի տակ դրված էր մետաղյա աղբաման։ Թանկարժեք, դիզայներական, գրեթե արվեստի գործ։ Գիշերը այն նույնպես ստուգվել էր։ Իներցիայով կռացա, բացեցի։ Դատարկ էր։ Հետո շրջեցի այն։ Եվ հենց այդ պահին ամեն ինչ պարզ դարձավ։ Աղբամանի հատակին մագնիսով ամրացված, կպած էր փոքրիկ դիկտաֆոն։ Կանաչ լամպը թարթում էր։ Ակտիվ ձայնագրություն էր գնում։ Սարքը չէր դրվել գիշերը։ Այն չէր եղել այնտեղ, երբ մենք մաքրում էինք տարածքը։ Այն հայտնվել էր մեր այցից հետո, իսկ դա նշանակում էր, որ այն տեղադրել էր մեկը, ով այստեղ միայնակ էր լինում առավոտյան՝ հավաքարարը։ Ընկերս մոտ մեկ րոպե ոչինչ չէր խոսում, ուղղակի վառեց սիգարետն ու պարզապես փլվեց բազկաթոռին։ Այդ վիճակում մարդը ոչ թե վախենում է, այլ հասկանում է, որ ինքը հեռվում էր որոնում, իսկ վտանգն իր քթի տակ էր։ Հավաքարարը պարզապես գործիք էր, անհրաժեշտ էր իրականացնել խորքային վերլուծություն ու գտնել կառավարման կենտրոնը, որն իմ կարծիքով՝ էլի պետք է լիներ շատ մերձակա միջավայրում: Մինչեւ երեկո, այսինքն հավաքարարի հաջորդ այցը, որի ժամանակ ենթադրաբար պետք է վերցներ դիկտաֆոնը, կար մոտ 10 ժամ: Մեր կողմից սկսվեցին իրականացվել խորքային ստուգումներ, որպեսզի հասցնեինք ստանալ ողջ պատկերը ու բացահայտեինք հնարավոր մասնակիցներին ու աջակիցներին: Սկսեցինք ընկերության հին ու նոր աշխատակիցների հաստիքացուցակների վերլուծությունից: Երկու անձի համար ընկերս երաշխավորում էր ու բացառում նրանց մասնակցությունը որեւէ խարդավանքի՝ քարտուղարուհին ու անձնակազմի կառավարման պատասխանատուն: Մենք ոչինչ չասելով, ուղղակի սկսեցինք վերլուծել: Քարտուղարուհին ընդունվել էր աշխատանքի ընկերոջս վստահություն ներշնչելով: Նա կարողացել էր կարճ ժամանակում ֆիրմայում դառնալ բավականին ազդեցիկ աշխատակից: Նա իր երաշխավորությամբ ֆիրմայի նախկին անձնակազմի կառավարման պատասխանատուին հեռացրել էր ու նոր պատասխանատու ընդունել: Նա էր կազմակերպում բոլոր կոմունիկացիաները գործընկերների ու ընկերոջս միջեւ, նրա բացակայության ժամանակ: Մի խոսքով, նրա լիազոր ներկայացուցիչն էր այդ ֆիրմայում, շատ լայն լիազորություններով: Իմ ներքին համոզմամբ՝ այդ ստատուսը վաստակելուն օգնել էր միանշանակ իր վրացական արիստոկրատիկ հմայքն ու սլացիկ կազմվածքը… Անձնակազմի կառավարման պատասխանատուն ուներ իր գործառույթը։ Նա պարտականությունները ստանձնելուց հետո անմիջապես սկսել էր ֆիրմայի կարեւորագույն օղակների կարեւոր հաստիքների աշխատակիցների փոխատեղումը, հներին նոր, իր կողմից երաշխավորված աշխատակիցներով փոխարինումը: Այս սխեմայի վերջին շտրիխը հավաքարարն էր: Մի խոսքով, ընկերոջս շրջապատում հավաքվել էր մի իսկական հետախուզական խումբ՝ յուրաքանչյուրը հստակ իր դերով ու պարտականություններով: Մեզ անհրաժեշտ էր այս վերլուծությունը վերածել որոշակի փաստական հանգամանքների, որպեսզի արագ քանդեինք շպիոնաժի ձեւավորված կուռ շղթան: Եվ գտանք: Քարտուղարուհին իր պարապ ժամանակը լցնում էր տիկ-տոկի տեսանյութեր դիտելով, ինչպես բոլոր պարապ ժամանակ սպանող անձինք: Տիկ-տոկը չարիք է, բայց նաեւ շատ կարեւոր գործիք մեր համար: Մեր խորքային վերլուծությունը բերեց մեզ նրա կողմից իր տիկտոկյան էջում կիսված մի հումորային տեսանյութի, որը նա վերցրել էր «XYZ» տարօրինակ անվանումով անհայտ օգտահաշվի էջից: Մնացածը տեխնիկայի եւ մասնագետների գործն էր՝ գտնել այդ օգտահաշվի իրական տիրոջը: Գտնելով փոխկապակցված հեռախոսահամարը, շատ արագ նույնականացրեցինք. նա հանդիսանում էր մրցակից ընկերության անվտանգության դեպարտամենտի ղեկավարը: Առաջին ու ամենակարեւոր օղակը փշրված էր: Գեղեցկուհի քարտուղարուհու հետ տարվելիք հոգեբանական զրույցի «հաճելի» պարտականությունը վերցրեցի իմ վրա: Նա սուրճ բերեց ընկերոջս աշխատասենյակ, որտեղ ես միայնակ էի: Խնդրեցի մի քանի րոպե տրամադրել ինձ զրույցի համար: Զրույցը կարճ տեւեց: Ուղղակի ցույց տվեցի իր էջի սքրինշոթը, ինչպես նաեւ բացահայտված անվտանգության ղեկավարի օգտահաշիվը եւ նա արցունքն աչքերին սկսեց պատմել… Նա օգնեց բացել գրասենյակային դավադրության ողջ շղթան: Մի քանի ժամից քարտուղարուհին, HR-ն ու հավաքարարը գլխահակ կանգնած էին ու լսում էին ընկերոջս հայ-վրացական «քաղցր» խոսքերը… Հետաքննությունն ավարտվեց ընկերոջս համար բավականին օգուտով, քանի որ կանխվեցին ավելի մեծ վնասներն ու միգուցե բիզնեսի տապալումն այդ երկրում: Արդեն Թբիլիսիի իմ սիրելի «Կրծանիսի» ռեստորանում ընթրիքի սեղանի շուրջ կենացի փոխարեն ընկերոջս ասացի. -Երբեք չվախենաս էլեկտրոնային «ժուչոկներից»։ Դրանք գտնում ենք։ Վախեցիր երկոտանի, քայլող «ժուչոկներից»։ Նրանք նստում են կողքիդ, վայելում են քո վստահությունը, սուրճ են խմում քեզ հետ… ու աշխատում են քո դեմ։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.02.2026
Կարդացեք աղբյուրում` «Գրասենյակային դավադրություն»
