LifeNews.am-ը «Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոյի հիմնադիր, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Գաբրիելյանի հետ զրուցել է Հայաստանում գործող առաջին դետեկտիվ բյուրոյի ստեղծման, աշխատանքի մասին։ Մեր զրուցակիցը պատմում է․
«Իմ կարծիքով՝ մանկության ու պատանեկության շրջանում համաշխարհային դետեկտիվ գրականության գլուխգործոցներ ընթերցած ցանկացած պատանի իրեն պատկերացրել է Շերլոկ Հոլմսի, Պուարոյի կամ այլ հերոսի կերպարում: Ես էլ բացառություն չեմ եղել իմ երազանքներում: Դետեկտիվ գործակալությունը հիմնել ենք եղբորս՝ Գագիկի հետ: Հիմնելու որոշումը պայմանավորված էր մեր աշխատանքային գործունեության ընթացքում կուտակված փորձն ու գիտելիքներն ի նպաստ պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործելու, ինչպես նաև մեր իրավապահ համակարգում երկարամյա ծառայության տարիներին ծառայակից ընկերների կողմից հաճախ հնչող «այ, եթե մի օր դետեկտիվ ընկերություն բացվի․․․» մասնագիտական իղձն իրականություն դարձնելու շուրջ։ Կարելի է կարճ ձևակերպել այսպես՝ պատանեկության տարիների երազանքի, աշխատանքային/մասնագիտական փորձի ու իրավապահ համակարգի հազարավոր գործընկերների իղձերի սինթեզման արդյունքում իրականություն դարձավ Հայաստանի պատմության մեջ առաջին դետեկտիվ կազմակերպությունը»։
Հարցին, թե երբ դիմել դետեկտիվի օգնությանը, ինչ խնդիրներ կարող է լուծել բյուրոն, Գաբրիելյանը պատասխանեց․
«Մասնավոր խուզարկուի/դետեկտիվի ծառայություններին դիմելու համար կան բազմաթիվ պատճառներ: Մասնավորապես, դետեկտիվը՝ որպես այլընտրանքային հետաքննություն իրականացնող անձ, կարող է օգնել բացահայտել ճշմարտությունը և ձեզ տրամադրել ապացույցներ, որոնք անհրաժեշտ են ձեզ հետագա հիմնավոր որոշումներ կայացնելու համար: Մասնավոր դետեկտիվի ծառայությունների շրջանակը շատ լայն է՝ գողացված մեքենա որոնելուց մինչև առևանգված երեխային այլ երկրում հայտնաբերել և հայրենիք վերադարձնելը, սոցիալական ցանցերում «վատ քոմենթ» գրողին հայտնաբերելուց մինչև անհայտ կորածի անձի որոնում, կազմակերպության ոչ բարեխիղճ աշխատակիցների հայտնաբերում և այլն։ Մեր բյուրոն, հանդիսանալով Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի անդամ, մատուցում է ՀՀ քաղաքացիներին ու կազմակերպություններին տարաբնույթ ծառայություններ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև շուրջ 160 երկրներում, այդ թվում ապահովելով իրավական աջակցություն կապված տվյալ պետությունների իրավապահ համակարգի հետ հարցերում: Բյուրոն կոորդինացնում է Ասոցիացիայի աշխատանքներն Անդրկովկասի և Միջին Ասիայի պետություններում»։
Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի խնդիրների դեպքում են հաճախ դիմում, մեր զրուցակիցը պատմեց․
«Ամենատարածված պատճառներից են.
Իրավաբանական անձ հաճախորդների մասով.
- Բիզնես գործընկերների իրավական և տնտեսական անաղարտության մասով գնահատման,այդ թվում գործընկեր կազմակերպությունների ղեկավարների անձնական ու գործարար հատկանիշների վերլուծության համար։
- Աշխատակիցների անաղարտության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման, առկա տեղեկատվության ստուգման համար։
- Բիզնեսում բաժնեմասերի ձեռք բերման, պայմանագրերի կնքման, առևտրային գործարքների ժամանակ տեղեկատվական և իրավաբանական աջակցության, գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտման (նախկին բաժնետերեր, վաճառքի իրական պատճառներ, ֆինանսական կամ իրավական խնդիրներ և այլն) համար։
- Կորպորատիվ, ապահվագրական և ֆինանսական հետաքննությունների անցկացման համար։
Ֆիզիկական անձ հաճախորդների մասով.
- Անձի վերաբերյալ տեղեկատվության ճշտման։
- Անչափահասի վարքի հսկողության իրականացման և նրանց կողմից կատարվող հակաօրինական գործողության կանխում։
- Տնային աշխատակիցների (վարորդներ, դայակներ, մաքրուհիներ և այլն) վերաբերյալ տեղեկատվության ստուգման համար:
- Պարտապանների, կորած անձանց որոնման և հայտնաբերման համար:
- Խարդախությունների, գողություններ, կրիպտոարժույթների և ֆինանսական բուրգերի հետ կապված հակաօրինական գործողությունների գծով մասնավոր հետաքննությունների անցկացման, հավաքագրված տեղեկատվությամբ իրավապահ մարմիններին դիմելու գործընթացում աջակցության համար;
- Տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործարքներում աջակցություն, վաճառողի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտման համար / նախկին սեփականատերեր, վաճառքի իրական պատճառներ, վթարներ, ապահովագրական կամ իրավական խնդիրներ և այլն/;
- Անշարժ գույքի ձեռք բերման գործարքներում աջակցություն, վաճառողի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտման համար (նախկին բնակիչներ, վաճառքի իրական պատճառներ, տեղեկություն հարևանների մասին, իրավական խնդիրներ և այլն):
Սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնցով դիմում են հաճախորդները»:
Ինչ վերաբերվում է զավեշտալի դեպքերին, Հայկ Գաբրիելյանը փակագծեր չբացեց` ասելով․
«Զավեշտալի դեպքեր կան, բայց հաշվի առնելով մեր գործունեության ոլորտը և հաճախորդների կոնֆիդենցիալության սկզբունքը չներկայացնեմ: Միգուցե քսան տարի հետո հուշագրության մեջ գրեմ: Ավելի լավ է մի թեմայի հետ կապված անեկդոտ պատմեմ.
Երկու ընկերներ զրուցում են։
-Գիտե՞ք, բնակարանի մաքրումը մեզ վրա օրական 50 դոլար է արժենում։
-Ինչու՞ է այդքան թանկ:
-Ես մեր երիտասարդ աղախնուհուն 10 դոլար եմ վճարում, իսկ կինս՝ 40 դոլար մասնավոր խուզարկուին.
Մեծահարուստ բիզնեսմենի կինը շատ է վրդովվում, երբ պատահաբար տեղեկանում է այն մասին, որ ամուսինն իրեն կասկածում է դավաճանության մեջ և վարձել է մասնավոր խուզարկուի՝ իրեն հետևելու համար: Իսկ երբ լսում է դետեկտիվ ծառայությանը վճարվող հոնորարի մասին, ամուսնուն առաջարկում է կես գնով պատմել ամեն ինչի մասին անձամբ»։
Հարցին, արդյոք Հայաստանում արդեն ձևավորվել է դեդեկտիվին դիմելու մշակույթ, Հայկ Գաբրիելյանն ասաց․ «Սկզբնական շրջանում Դետեկտիվին Հայաստանում ընդունում էին հետաքրքրությամբ և զգուշավորությամբ: Ներկայումս` հիմնադրումից երեք տարի անց, մեր պատվերատուներն են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք, ովքեր հիմնականում դիմում են անվտանգության գծով տեղեկատվական-վերլուծական ծառայություններ ստանալու նպատակով: Մեր ծառայությունների համար դիմում են նաև այլ պետությունների քաղաքացիներ և կազմակերպություններ»:
Վերջում, դեդեկտիվը հավելեց․
«Մի հետաքրքիր փաստ ներկայացնեմ՝ ըստ Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի վիճակագրության ամենահաճախակի պատվերները կապված են ամուսնական դավաճանության հետ և պատվիրատուների մեծամասնությունը կանայք են: Հայաստանի մասով պահեմ կոնֆեդենցիալությունը: Խոստանում եմ 10 տարի հետո ներկայացնել անձամբ Ձեզ էքսկլյուզիվ վիճակագրություն: Մեզ դիմում են տարբեր տարիքի անձինք, քանի որ դետեկտիվի ծառայությունները բազմասպեկտր են»։
Տաթև Կոստանդյան
Կարդացեք աղբյուրում` Ի՞նչ հարցերով են Հայաստանում դիմում դետեկտիվի․ «Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոյի հիմնադիրը մանրամասներ է պատմում – LifeNews