Skip to content

Ի՞նչ նշանակություն կունենա համայնքային ոստիկանության ստեղծումը․ պարզաբանում է Հայկ Գաբրիելյանը

Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծ, որում խոսվում է նոր տեսակի ոստիկանության՝ համայնքային ոստիկանության ստեղծման մասին։

Թեմայի մասին LifeNews.am-ը զրուցել է «Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոյի հիմնադիր, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Գաբրիելյանի հետ։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց․

«Միջազգային պրակտիկայում մունիցիպալ կամ համայնքային ոստիկանության ստորաբաժանումները ոստիկանության համակարգում իրենց դերով և գործունեությամբ հանդիսանում են համայնքի վարչական տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող և իրավախախտումները նախականխող ստորաբաժանումներ: Համայնքային կամ մունիցիպալ ոստիկանության ստորբաժանումներ կան շատ երկրներում, մասնավորապես Եվրոմիության անդամ երկրներում, ԱՄՆ ում, Կանադայում և այլն»

Հարցին, արդյոք այսօր Հայաստանում կա այն ստեղծելու անհրաժեշտությունը և ինչ խնդիրներ կլուծվեն այս կերպ, Գաբրիելյանը պատասախնեց․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում արդեն իսկ ձևավորվել են Պարեկային ոստիկանության ստորաբաժանումները, որոնք 24 ժամյա ռեժիմով ապահովում են նախկին Ճանապարհային ոստիկանության և Պարեկա-պահակային ծառայության բոլոր գործառույթները, ինչպես նաև նախատեսվում է ձևավորել Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումները, իմ կարծիքով առաջացել է անհրաժեշտություն ձևավորելու նաև համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ, որոնք համայնքի վարչական տարածքում կիրականացնեն պրեվենտիվ ոստիկանության գործառույթ՝ հանցագործությունների և իրավախախտումների նախականխման, կանխման ու բացահայտման, հասարակական կարգի պահպանության, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի և անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելման գծով»։

Դիտարկմանը, որ ըստ նախագծի  Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են, փոխգնդապետն ասաց․ «Ոստիկանությունում իրականացվող ընդհանուր բարեփոխումների շրջանակը ենթադրում է նաև ոստիկանության կառուցվածքային փոփոխություններ և ինքնաբերաբար դա նորմալ գործընթաց է»։

Տաթև Կոստանդյան

Կարդացեք աղբյուրում` Ի՞նչ նշանակություն կունենա համայնքային ոստիկանության ստեղծումը․ պարզաբանում է Հայկ Գաբրիելյանը – LifeNews