Перейти к содержимому

«Երբեք չկորցնեք դետեկտիվի այցեքարտը, քանի որ այն անհրաժեշտ դուռը բացող վերջին բանալին է»․ Դետեկտիվ Հայկ Գաբրիելյան

Հայտնի է դարձել, թե ինչպես են աշխատում մասնավոր դետեկտիվները Հայաստանում։
Ինչպիսին է իրականում մասնավոր դետեկտիվի աշխատանքը, ինչպես է սկսվում նրանց օրը, ինչն է նրանց թույլատրվում օրենքով և որքան արժեն նրանց կողմից մատուցվող ծառայությունները։ Այս և այլ հարցերի շուրջ operativ.am-ը  այսօր զրուցել է Հայաստանի Հանրապետությունում առաջին դետեկտիվ գործունեությամբ զբաղվող բյուրոյի նախագահ, Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի /W.A.D/ անդամ, Մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիայի /IAPD/ անդամ, ինչպես նաև Միջազգային ոստիկանական ասոցիացիայի /IPA/ անդամ Հայկ Գաբրիելյանի հետ։

— Ո՞վ է մասնավոր խուզարկուն, պարոն Գաբրիելյան, պատմեք մի փոքր խնդրում եմ այդ մասին։

— Հաճախորդի համար «հոգեբան» և խնդիրները լուծող: Մինչև մեր կողմից գործունեության կազմակերպումը, պարզվում է, Հայաստանի քաղաքացիներին դետեկտիվ ծառայություն են մատուցել տարբեր մասնագիտություն ունեցող անձինք՝ էքստրասենսներ, բախտագուշակներ, թուղթուգիր բացողներ, կեղծ դետեկտիվներ /որոնց հիմանական մասը խարդախներ են եղել/ և այլն:

— Ինչու՞ որոշեցիք դետեկտիվ դառնալ:

— Որոշման պատճառները պտտվում են աշխատանքային գործունեության ընթացքում կուտակված փորձն ու գիտելիքներն ի նպաստ բոլորի օգտագործելու, ինչպես նաև հաճախ հնչող «այ, եթե մի օր դետեկտիվ ընկերություն բացվի․․․» ձևակերպման շուրջ, որոնց շնորհիվ իրականություն դարձավ Հայաստանի պատմության մեջ առաջին դետեկտիվ կազմակերպությունը:

— Ինչպե՞ս է սովորաբար սկսվում դետեկտիվի օրը:

— Առավոտյան մարզասրահ այցով, հետո գրասենյակում մեկ գավաթ սուրճով ու օրվա նորություններին ու աշխատանքային գրություններին ծանոթանալով …

— Ի՞նչ հարցեր է քննում հայ դետեկտիվը:

— Աջակցում ենք հիմնականում ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ լուծելու անձնական կյանքում և բիզնեսում առաջացած խնդիրները ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս: Մասնավոր դետեկտիվի ծառայությունների շրջանակը շատ լայն է՝ գողացված մեքենա որոնելուց մինչև առևանգված երեխային այլ երկրում հայտնաբերել և հայրենիք վերադարձնելը, սոցիալական ցանցերում «վատ քոմենթ» գրողին հայտնաբերելուց մինչև անհայտ կորածի անձի որոնում։

Մեր կազմակերպությունը հանդիսանում է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի անդամ և դա մեզ հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին ու կազմակերպությունների տարաբնույթ ծառայություններ մատուցել շուրջ 160 երկրներում, այդ թվում իրավական աջակցություն կապված տվյալ պետությունների իրավապահ համակարգի հետ հարցերում:

Մեր կարգախոսն է՝ Երբեք չկորցնեք դետեկտիվի այցեքարտը, քանի որ այն անհրաժեշտ դուռը բացող վերջին բանալին է:

— Կա՞ն արդյոք բարոյական սահմանափակումներ դետեկտիվի համար:

— Չենք իրականացնում գաղտնալսում, գաղտնի տեսագրություն և ձայնագրում, ինչպես նաև հեռախոսազանգերի դետալիզացիա:

— չենք զբաղվում կենցաղային վեճերով ու սկանդալներով;

— չենք օգտվում էքստրասենսների կամ բախտագուշակների ծառայություններից:

Աշխատում ենք բացառապես օրենքի և բարոյական արժեհամակարգի շրջանակում:

— Ո՞րոնք են բարոյական սահմանները: Ի՞նչ երբեք չեք անի:

— Ընտանիքում հետախուզական կամ լրտեսական մեթոլոգիայի կիրառումը, մտերիմ ու հարազատ մարդկանց վերաբերյալ, պետության դեմ ցանկացած պատվերը: Հարազատների ու ընկերների համար ես խորհրդատու եմ կենցաղային ու բիզնես հարցերի շուրջ:

— Դետեկտիվն իրականում և կինոյում:

— Կինոյում դետեկտիվին օգնում է ռեժիսորը, սցենարիստը, հերոսը կարող է անգամ օրենք խախտել: Իրական կյանքում դու ես ռեժիսորն ու սցենարիստը, քո հիմնական օգնականներն են համացանցը, սոցիալական ցանցերը, ժամանակակից թվային գործիքներն ու բաց ռեսուրսներում առկա տեղեկատվությունը: Իրականում դետեկտիվը քայլում է օրենքի ու անօրենության միջև գծված անտեսանելի սահմանգծով: Չունես պրոֆեսիոնալիզմ, չունես համապատասխան փորձ և գիտելիքներ՝ շատ արագ կհատես սահմանագիծը…

Ամենակարևորը դու չունես սխալվելու իրավունք:

— Կա՞ն արդյոք գաղտնիության պահպանման երաշխիքներ։

— Միակ բացառիկ կանոնը, որը պետք է պահպանեն բոլոր մասնավոր դետեկտիվ գործակալությունները, հաճախորդին վերաբերող տվյալների գաղտնիության պահպանման երաշխիքն է: Վստահությունը դետեկտիվի մասնագիտության ամենակարևոր պայմանն է ու հաջողության գրավականը: Թող անհամեստ չհնչի, բայց դետեկտիվի աշխատանքը նման է եկեղեցականի ծառայությանը, երկու դեպքում էլ այցելուն քեզ վստահում է իր գաղտնիքը, որը պարտավոր ես պահպանել ու բացառել դրա հրապարակումը:

— Ովքե՞ր են Հայաստանում դետեկտիվի ծառայություններից հաճախ օգտվում։

— Մեր պատվերատուներն թե ֆիզիկական, թե իրավաբանական անձինք են, ովքեր հիմնականում դիմում են անվտանգության գծով տեղեկատվական-վերլուծական ծառայություններ ստանալու նպատակով: Մեր ծառայությունների համար դիմում են նաև այլ պետությունների քաղաքացիներ և կազմակերպություններ:

Մեր կազմակերպությունը համագործակցում է ՀՀ իրավապահ համակարգի հետ և կանգնած է հանցավորության դեմ պայքարի առաջնագծում:

Մի հետաքրքիր փաստ. ըստ Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի վիճակագրության /վարվում է 1925թ. /, ամենահաճախակի պատվերները կապված են ամուսնական դավաճանության հետ և պատվիրատուների մոտ 60%-ը կանայք են:

— Կարո՞ղ է հաճախորդը մասնակցել դետեկտիվի կողմից իրականացվող աշխատանքներին:

— Միանշանակ, ողջ հետաքննական պրոցեսում պատվիրատուի ներգրավվածությունը՝ գործի դրական ելքով ավարտման հիմնական գրավականներից է:

— Կարո՞ղ է դետեկտիվն ինչ-որ բան թաքցնել հաճախորդից՝ հանուն իր խղճի հանգստության։

— Միանշանակ, եթե այդ տեղեկատվությունը կարող է նրան շատ խորքային ու անվերականգնելի ցավ ու վնաս պատճառել: Այդ պարագայում, մենք նախընտրում ենք ուղղակի հրաժարվել պատվերից:

— Արդյո՞ք դետեկտիվներն ունեն էթիկայի կանոնագիրք։

— Այո. Դետեկտիվների Համաշխարհային ասոցիացայում կա այդպիսի կանոնագիրք և էթիկայի հանձնաժողով: Եթե ստացվում է բողոք Ասոցիացիային անդամակցող դետեկտիվի վերաբերյալ, ապա սկսվում է վարույթ և բողոքը հիմնավորվելու դեպքում դետեկտիվին հեռացնում են Ասոցիցիայից ընդմիշտ:

— Ձեր դետեկտիվ ծառայության գները …

— Դեմոկրատական են…

Մատուցվող ծառայությունների արժեքը կախված է գործի բարդությունից: Առաջին էտապում իրականացնում ենք անվճար խորհրդատվություն՝ զրուցում ենք պատվիրատուի հետ:

Զրույցի արդյունքում գնահատում ենք հետաքննության համար անհրաժեշտ ժամկետները, ծախսվելիք ռեսուրսները, ինչի արդյունքում էլ որոշում վերջնական արժեքը։

— Ինչպես հասկանալ՝ գաղտնալսում են քեզ թե՞ ոչ, հետևու՞մ են քեզ, թե՞ ոչ:

— Եթե Ձեզ հետևում է պրոֆեսիոնալը, ապա չեք էլ պարզի… Իսկ հեռախոսի գաղտնալսումը ստուգելու համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ, որոնց մասին մենք մեր ֆեյսբուկքան էջում հաճախակի կիսվում ենք: Բացի այդ մեր ընկերությունը հանդիսանում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչը Հայաստանում և մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք բազմաթիվ աքսեսուարներ, որոնք պաշտպանում են հեռախոսները «չարակամ աչքերից ու ականջներից»:

— Որո՞նք են Ձեր սիրելի ֆիլմերն ու գրքերը:

— Հայկական ֆիլմերից՝ Մենք են մեր սարերը, Եռանկյունի, Խոշոր շահում, Մեր մանկության տանգոն…։ Ներկայումս վերընթերցում եմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Էս ինչ եք անում տղերք» ժողովածուն:

— Ինչպե՞ս Ձեզ կարող են գտնել պատվիրատուները։

— Մեր ընկերությունն ունի պաշտոնական կայքէջ, պաշտոնական էջեր սոոցցանցերում՝ ֆեյսբուք, ինստագրամ և լինկեդինում ,ինչպես նաև Գուգլ և Յանդեքս որոնողական համակարգերում: Բացի այդ մեր մասին տեղեկատվությունը տեղադրված է համաշխարհային դետեկտիվների ասոցիացիայի և ԱՊՀ դետեկտիվների ասոցիացիայի բիզնես հարթակներում:

Վերջում մի քանի անեկդոտ պատմեմ դետեկտիվների մասին:

• Մեծահարուստ բիզնեսմենի կինը շատ է վրդովվում, երբ պատահաբար տեղեկանում է այն մասին, որ ամուսինն իրեն կասկածում է դավաճանության մեջ և վարձել է մասնավոր խուզարկուի՝ իրեն հետևելու համար:

Իսկ երբ լսում է դետեկտիվ ծառայությանը վճարվող հոնորարի մասին, ամուսնուն առաջարկում է կես գնով պատմել ամեն ինչի մասին անձամբ:

• Հայտարարություն.
Փորձառու մասնավոր խուզարկուն շատ արագ կբացահայտի ու կհիմնավորի Ձեր ամուսնու երջանկության պատճառը:

• Երկու դետեկտիվ զրուցում են.
-մարդասպանը շատ բարեկիրթ և ինտելեգենտ անձնավորություն էր;
-ինչից ենթադրեցիք կոլեգա?
-դանակով հարվածները աջից էին, իսկ պատառաքով հարվածները՝ ձախից:

• Կինն ամուսնուն.
-Ես մինչև կոկորդս կուշտ եմ քո խանդից: Մտածում ես չգիտեմ, որ դետեկտիվ ես վարձել ինձ հետևելու համար՝ բարձրահասակ, շիկահեր, կանաչ աչքերով, շատ հաճելի և մի փոքր ամաչկոտ… սկզբում…

Կարդացեք աղբյուրում: Operativ.am | «Երբեք չկորցնեք դետեկտիվի այցեքարտը, քանի որ այն անհրաժեշտ դուռը բացող վերջին բանալին է»․ Դետեկտիվ Հայկ Գաբրիելյան