Հայտնի է դարձել, թե ինչպես են աշխատում մասնավոր դետեկտիվները Հայաստանում։
Ինչպիսին է իրականում մասնավոր դետեկտիվի աշխատանքը, ինչպես է սկսվում նրանց օրը, ինչն է նրանց թույլատրվում օրենքով և որքան արժեն նրանց մատուցած ծառայությունները։ Այս և այլ հարցերի շուրջ operativ.am-ն այսօր զրուցել է Հայաստանի Հանրապետությունում դետեկտիվ գործունեությամբ զբաղվող առաջին բյուրոյի նախագահ, Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի (W.A.D), Մասնավոր դետեկտիվների միջազգային ասոցիացիայի (IAPD), ինչպես նաև Միջազգային ոստիկանական ասոցիացիայի (IPA) անդամ Հայկ Գաբրիելյանի հետ։
— Ո՞վ է մասնավոր խուզարկուն, պարոն Գաբրիելյան, պատմեք, խնդրեմ, մի փոքր այդ մասին։
— Հաճախորդի համար «հոգեբան» և խնդիրները լուծող։ Պարզվում է՝ մինչև մեր գործունեության կազմակերպումը Հայաստանի քաղաքացիներին դետեկտիվ ծառայություն են մատուցել տարբեր մասնագիտություն ունեցող անձինք՝ էքստրասենսներ, բախտագուշակներ, թուղթուգիր բացողներ, կեղծ դետեկտիվներ (որոնց հիմնական մասը խարդախներ են եղել) և այլն։
— Ինչո՞ւ որոշեցիք դետեկտիվ դառնալ։
— Որոշման պատճառները պտտվում են աշխատանքային գործունեության ընթացքում կուտակված փորձն ու գիտելիքները բոլորի օգտին օգտագործելու, ինչպես նաև հաճախ հնչող «այ, եթե մի օր դետեկտիվ ընկերություն բացվի…» ձևակերպման շուրջ, որոնց շնորհիվ իրականություն դարձավ Հայաստանի պատմության մեջ առաջին դետեկտիվ կազմակերպությունը։
— Ինչպե՞ս է սովորաբար սկսվում դետեկտիվի օրը։
— Առավոտյան մարզասրահ այցով, հետո գրասենյակում մեկ գավաթ սուրճով՝ ծանոթանալով օրվա նորություններին ու աշխատանքային գրություններին…
— Ի՞նչ հարցեր է քննում հայ դետեկտիվը։
— Հիմնականում աջակցում ենք ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ լուծելու անձնական կյանքում և բիզնեսում առաջացած խնդիրները ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս։ Մասնավոր դետեկտիվի ծառայությունների շրջանակը շատ լայն է՝ գողացված մեքենա որոնելուց մինչև առևանգված երեխային այլ երկրում հայտնաբերելն ու հայրենիք վերադարձնելը, սոցիալական ցանցերում «վատ քոմենթ» գրողին հայտնաբերելուց մինչև անհայտ կորածի որոնում։
Մեր կազմակերպությունը Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի անդամ է, և դա մեզ հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին ու կազմակերպություններին տարաբնույթ ծառայություններ մատուցել շուրջ 160 երկրներում, այդ թվում՝ իրավական աջակցություն տվյալ պետությունների իրավապահ համակարգի հետ կապված հարցերում։
Մեր կարգախոսն է՝ երբեք չկորցնեք դետեկտիվի այցեքարտը, քանի որ այն անհրաժեշտ դուռը բացող վերջին բանալին է։
— Կա՞ն արդյոք բարոյական սահմանափակումներ դետեկտիվի համար։
— Չենք իրականացնում գաղտնալսում, գաղտնի տեսագրություն և ձայնագրում, ինչպես նաև հեռախոսազանգերի դետալիզացիա.
— չենք զբաղվում կենցաղային վեճերով ու սկանդալներով.
— չենք օգտվում էքստրասենսների կամ բախտագուշակների ծառայություններից։
Աշխատում ենք բացառապես օրենքի և բարոյական արժեհամակարգի շրջանակում։
— Որո՞նք են բարոյական սահմանները։ Ի՞նչ երբեք չեք անի։
— Ընտանիքում հետախուզական կամ լրտեսական մեթոդաբանության կիրառում մտերիմ ու հարազատ մարդկանց նկատմամբ, պետության դեմ ցանկացած պատվեր։ Հարազատների ու ընկերների համար ես խորհրդատու եմ կենցաղային ու բիզնես հարցերում։
— Դետեկտիվն իրականում և կինոյում։
— Կինոյում դետեկտիվին օգնում են ռեժիսորն ու սցենարիստը, հերոսը կարող է անգամ օրենք խախտել։ Իրական կյանքում դու ես ռեժիսորն ու սցենարիստը, քո հիմնական օգնականներն են համացանցը, սոցիալական ցանցերը, ժամանակակից թվային գործիքներն ու բաց ռեսուրսներում առկա տեղեկատվությունը։ Իրականում դետեկտիվը քայլում է օրենքի ու անօրենության միջև գծված անտեսանելի սահմանագծով։ Չունես պրոֆեսիոնալիզմ, չունես համապատասխան փորձ և գիտելիքներ՝ շատ արագ կհատես սահմանագիծը…
Ամենակարևորը՝ դու սխալվելու իրավունք չունես։
— Կա՞ն արդյոք գաղտնիության պահպանման երաշխիքներ։
— Միակ բացառիկ կանոնը, որը պետք է պահպանեն բոլոր մասնավոր դետեկտիվ գործակալությունները, հաճախորդին վերաբերող տվյալների գաղտնիության երաշխիքն է։ Վստահությունը դետեկտիվի մասնագիտության ամենակարևոր պայմանն է ու հաջողության գրավականը։ Թող անհամեստ չհնչի, բայց դետեկտիվի աշխատանքը նման է հոգևորականի ծառայությանը. երկու դեպքում էլ այցելուն քեզ վստահում է իր գաղտնիքը, որը պարտավոր ես պահպանել ու բացառել դրա հրապարակումը։
— Ովքե՞ր են Հայաստանում հաճախ օգտվում դետեկտիվի ծառայություններից։
— Մեր պատվիրատուները թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք են, ովքեր հիմնականում դիմում են անվտանգության գծով տեղեկատվական-վերլուծական ծառայություններ ստանալու նպատակով։ Մեր ծառայությունների համար դիմում են նաև այլ պետությունների քաղաքացիներ և կազմակերպություններ։
Մեր կազմակերպությունը համագործակցում է ՀՀ իրավապահ համակարգի հետ և կանգնած է հանցավորության դեմ պայքարի առաջնագծում։
Մի հետաքրքիր փաստ. ըստ Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի վիճակագրության (վարվում է 1925 թվականից), ամենահաճախակի պատվերները կապված են ամուսնական դավաճանության հետ, և պատվիրատուների մոտ 60%-ը կանայք են։
— Կարո՞ղ է հաճախորդը մասնակցել դետեկտիվի իրականացրած աշխատանքներին։
— Միանշանակ. ողջ հետաքննական գործընթացում պատվիրատուի ներգրավվածությունը գործի դրական ելքի հիմնական գրավականներից է։
— Կարո՞ղ է դետեկտիվն ինչ-որ բան թաքցնել հաճախորդից՝ հանուն իր խղճի հանգստության։
— Միանշանակ, եթե այդ տեղեկատվությունը կարող է նրան շատ խորքային ու անվերականգնելի ցավ ու վնաս պատճառել։ Այդ պարագայում մենք նախընտրում ենք ուղղակի հրաժարվել պատվերից։
— Արդյո՞ք դետեկտիվներն ունեն էթիկայի կանոնագիրք։
— Այո։ Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայում կա այդպիսի կանոնագիրք և էթիկայի հանձնաժողով։ Եթե Ասոցիացիային անդամակցող դետեկտիվի վերաբերյալ բողոք է ստացվում, սկսվում է վարույթ, և բողոքը հիմնավորվելու դեպքում դետեկտիվին ընդմիշտ հեռացնում են Ասոցիացիայից։
— Ձեր դետեկտիվ ծառայությունների գները…
— Դեմոկրատական են…
Մատուցվող ծառայությունների արժեքը կախված է գործի բարդությունից։ Առաջին փուլում իրականացնում ենք անվճար խորհրդատվություն՝ զրուցում ենք պատվիրատուի հետ։
Զրույցի արդյունքում գնահատում ենք հետաքննության համար անհրաժեշտ ժամկետները, ծախսվելիք ռեսուրսները և դրա հիման վրա որոշում վերջնական արժեքը։
— Ինչպե՞ս հասկանալ՝ գաղտնալսո՞ւմ են քեզ, թե՞ ոչ, հետևո՞ւմ են քեզ, թե՞ ոչ։
— Եթե Ձեզ հետևում է պրոֆեսիոնալը, ապա չեք էլ պարզի… Իսկ հեռախոսի գաղտնալսումը ստուգելու համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ, որոնց մասին հաճախ կիսվում ենք մեր ֆեյսբուքյան էջում։ Բացի այդ, մեր ընկերությունը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչն է Հայաստանում, և մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք բազմաթիվ աքսեսուարներ, որոնք պաշտպանում են հեռախոսները «չարակամ աչքերից ու ականջներից»։
— Որո՞նք են Ձեր սիրելի ֆիլմերն ու գրքերը։
— Հայկական ֆիլմերից՝ «Մենք ենք, մեր սարերը», «Եռանկյունի», «Խոշոր շահում», «Մեր մանկության տանգոն»… Ներկայումս վերընթերցում եմ սպարապետ Վազգեն Սարգսյանի «Էս ինչ եք անում, տղերք» ժողովածուն։
— Ինչպե՞ս կարող են Ձեզ գտնել պատվիրատուները։
— Մեր ընկերությունն ունի պաշտոնական կայքէջ, պաշտոնական էջեր սոցցանցերում՝ Facebook, Instagram և LinkedIn, ինչպես նաև Google և Yandex որոնողական համակարգերում։ Բացի այդ, մեր մասին տեղեկատվությունը տեղադրված է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի և ԱՊՀ դետեկտիվների ասոցիացիայի բիզնես հարթակներում։
Վերջում մի քանի անեկդոտ պատմեմ դետեկտիվների մասին։
• Մեծահարուստ բիզնեսմենի կինը շատ է վրդովվում, երբ պատահաբար տեղեկանում է, որ ամուսինն իրեն կասկածում է դավաճանության մեջ և վարձել է մասնավոր խուզարկուի՝ իրեն հետևելու համար։
Իսկ երբ լսում է դետեկտիվ ծառայությանը վճարվող հոնորարի մասին, ամուսնուն առաջարկում է կես գնով ամեն ինչ պատմել անձամբ։
• Հայտարարություն.
Փորձառու մասնավոր խուզարկուն շատ արագ կբացահայտի ու կհիմնավորի Ձեր ամուսնու երջանկության պատճառը։
• Երկու դետեկտիվ զրուցում են.
— Մարդասպանը շատ բարեկիրթ և ինտելիգենտ անձնավորություն էր։
— Ինչի՞ց ենթադրեցիք, կոլեգա։
— Դանակով հարվածները աջից էին, իսկ պատառաքաղով հարվածները՝ ձախից։
• Կինն ամուսնուն.
— Մինչև կոկորդս կուշտ եմ քո խանդից։ Կարծում ես՝ չգիտե՞մ, որ դետեկտիվ ես վարձել ինձ հետևելու համար՝ բարձրահասակ, շիկահեր, կանաչ աչքերով, շատ հաճելի և մի փոքր ամաչկոտ… սկզբում…
Կարդալ աղբյուրում՝ Operativ.am | «Երբեք չկորցնեք դետեկտիվի այցեքարտը, քանի որ այն անհրաժեշտ դուռը բացող վերջին բանալին է»․ Դետեկտիվ Հայկ Գաբրիելյան
