Перейти к содержимому

Շվեյցարական բեռը

Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են

«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ «Առավոտն» ամեն ուրբաթ ներկայացնում է դետեկտիվի արտառոց բացահայտումները: Կիրակին դետեկտիվի համար հարաբերական հասկացություն է։ Այն կարող է խաղաղ ու հանգիստ թվալ, բայց ենթագիտակցությունդ միշտ արթուն է, իսկ հայացքդ՝ հեռախոսի էկրանին գամված։ Մեր մասնագիտությունն իր էությամբ շատ մոտ է փրկարարի, բժշկի կամ ոստիկանի գործին. ցանկացած վայրկյանի հնչած զանգը կարող է նշանակել, որ ինչ-որ մեկի կյանքը, պատիվը կամ տարիների ստեղծած գործը կործանման եզրին է եւ օգնության կարիք ունի։ Հերթական կիրակին էր, մենք հավաքված մեր մեծ ընտանիքով վայելում էինք մայիսյան հաճելի օրը:

Զանգը հեռախոսիս շվեյցարական համարից էր: Զանգահարողը խոսում էր արեւմտահայերեն: Ներկայացավ՝ Սիմոն, Շվեյցարական հանրահայտ արդյունաբերական ընկերության անվտանգության ու ռիսկերի գծով տնօրեն: Խնդրեց հանդիպում՝ նշելով, որ հատուկ է եկել Հայաստան մեր ընկերությանը դիմելու համար: Կիրակի երեկոն դարձավ աշխատանքային: Սիմոնն եկավ գրասենյակ, 60 անց տարիքի շատ հետաքրքիր անձնավորություն: Ծանոթություն, շփում, մի քանի բառի փոխանակում ու միջավայրը դարձավ շատ ջերմ, կարծես վաղուցվա ծանոթ լինեինք: Նա ներկայացրեց, որ իրենց ընկերությունն արտադրում է առաջադեմ տեխնոլոգիաներով պլաստիկից պատրաստված շինարարական նյութեր, որոնք բավականին մեծ պահանջարկ ունեն 100-ից ավելի երկրներում: Նրանց հետ պայմանագիր էր կնքել Մերձավոր Արեւելքի երկրներից մեկում գործունեություն ծավալող մի ընկերություն: Սկզբում աշխատել են կանխավճարի միջոցով, հետո պայմանագրի շրջանակում մատակարարումները լավ թափ էին հավաքել եւ վստահության վրա հիմնված սկսել էր հետվճարային լոգիկայով: Վերջին խմբաքանակը մոտ 2,5 միլիոն դոլարի չափով առաքվել էր գործընկերոջը, որից հետո նրա հետ կապը խզվել էր: Էլփոստով կամ հեռախոսազանգով գործընկերոջ հետ կապ հաստատելու բոլոր փորձերը մնացել էին անարդյունք: Շվեյցարական ընկերությունը որոշում էր կայացրել դիմել մասնավոր խուզարկուական ընկերության՝ իրենց խնդիրը հետաքննելու եւ առաջացած խնդիրները պարզելու համար: Սիմոնը լինելով պատասխանատու՝ ուսումնասիրել էր ռեգիոնի բոլոր ընկերություններն ու առաջարկել ,,Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն,,: Ստանալով տվյալների փաթեթը՝ սկսեցինք հետաքննության պլանավորումը: Սիմոնն էլ դարձավ մեր գրասենյակի մոտակա օրերի ամենօրյա բնակիչը: Առաջին հերթին ես զանգահարեցի Մերձավոր Արեւելքի լավագույն խուզարկուներից իմ հին ու վստահելի գործընկերոջը՝ Իրֆանին։ Իրֆանն այն եզակի մարդկանցից էր, ում մասին արդարացիորեն ասում են՝ «նա աչքեր ունի ամեն տեղ»։ Ներկայացրեցի իրավիճակը, փոխանցեցի տվյալները։ Գծի մյուս կողմում ծանր, ճնշող լռություն տիրեց։ Ես լսում էի նրա անհանգիստ շնչառությունը։ – Հա՛յկ, եղբայրս… սա սովորական պարտք չէ,-խռպոտ ձայնով արձագանքեց նա։ – Այդ անունը ես լսել եմ։ Թող ինձ մի քանի ժամ։ Այդ մի քանի ժամը գրասենյակում ձգվեցին որպես հավերժություն։ Երբ Իրֆանը վերջապես զանգեց, նրա խոսքերը հնչեցին որպես դատավճիռ: -Սա հստակ մշակված սխեմա է։ Նրանք արդեն մի քանի ընկերության հետ նույնն են արել։ Սկզբում՝ վստահություն, հետո՝ հափշտակություն։ Սակայն որեւէ դեպքով չէին կարողացել նրանց մեղավորությունն ապացուցել: Սիմոնը լուռ լսում էր։ Նրա դեմքի գույնը փոխվել էր։ Սա արդեն պարզապես ֆինանսական կորուստ չէր, նրանք դարձել էին խարդախության ցանցի զոհ։ Նա միանգամից զանգահարեց ընկերության իր թիմին, որպեսզի պարզեն այդ կազմակերպության բարեվարքությունն ստուգած աշխատակիցներին: Ընթանում էր զուգահեռ հետաքննություններ՝ Շվեյցարիայում եւ Մերձավոր Արեւելքում: Մենք սուզվեցինք գործի մեջ՝ քանդելով ամեն ինչ շերտ առ շերտ։ Բանկային անվերջանալի հոսքեր, լոգիստիկա, փաստաթղթեր, թաքնված կապեր։ Շուտով գտանք առաջին հետքը։ Պարզվեց՝ բեռը հասել էր նավահանգիստ, բայց այնտեղից բոլորովին այլ ուղղությամբ էր գնացել, այլ ոչ այն հասցեով, որը նշված էր փաստաթղթերում։ Իրֆանի գործադրած բացառիկ ջանքերի շնորհիվ մի քանի օր անց մեր ձեռքում հայտնվեցին տեսանյութեր։ Կադրերում պարզ երեւում էր, թե ինչպես են թանկարժեք բեռը վերցնում բոլորովին այլ լոգոտիպով բեռնատարներ եւ հեռանում անհայտ ուղղությամբ։ Ամեն ինչ շարժվում էր դեպի անհայտություն։ Հանցավոր շղթան անհրաժեշտ էր քանդել օղակ առ օղակ։ Իրֆանը տեղում սկսեց ակտիվորեն շարժվել, իսկ մենք՝ այստեղից համակարգում էինք քայլերը։ Քիչ-քիչ դուրս եկանք մի ամբողջ ցանցի վրա: Իրֆանն օգտագործելով իր կապերը՝ տեղական իրավապահ մարմիններում կարողացավ ձեռք բերել նավահանգստի մերձակա տարածքում տեղակայված բջջային ալեհավաքների կողմից այդ ժամանակահատվածում սպասարկված բջջային հեռախոսահամարների ցանկն՝ օգտատերերի տվյալներով: Մենք Սիմոնի հետ սկսեցինք սանրել ցանկը: Կա մի լավ դետեկտիվական ասացվածք, լավ որսն ուժեղ որսորդին է հանդիպում: Ցանկի մեջից ընտրված հեռախոսահամարներից մեկն ուներ ակտիվ օգտահաշիվ ՏիկՏոկում եւ Ինստագրամում, որը փոխկապակցված էր մեր կողմից որոնվող կազմակերպության հետ: Այդ հեռախոսահամարի տեղակայումների հետագիծն ուսումնասիրելու միջոցով Իրֆանը հայտնաբերեց քաղաքից դուրս, լքված արդյունաբերական գոտում թաքնված մի պահեստ։ Նա իր աշխատակիցների հետ իրականացնելով անլուր դիտարկում՝ հայտնաբերեցին այն բեռնատարները, որոնք տեղափոխել էին թանկարժեք բեռը: Ամեն ինչ պարզ էր։ Այնտեղ պետք է լինեին շվեյցարական ընկերության ապրանքները։ Սա միայն միջանկյալ հաղթանակ էր։ Մենք սկսեցինք հետեւել փողի շարժին։ Իսկ փողը միշտ տանում է դեպի իրական կենտրոն։ Փոխանցումներն իրական հաշվեհամարից կատարվել էին անձնական հաշիվների, որից հետո կրիպտո դրամապանակների: Այս շղթան վերլուծելով մենք դուրս եկանք իրական շահառուների վրա՝ մարդիկ, որոնք արտաքուստ հարգարժան, օրինական բիզնես էին վարում, բայց փակ դռների հետեւում ղեկավարում էին այս կեղտոտ սխեմաները։ Իրֆանն ուներ բացառիկ կապեր տեղի իրավապահ համակարգի ղեկավարների շարքում, որն օգտագործելով սկսվեց համագործակցությունը տեղական քրեական ոստիկանության հետ։ Մեր կողմից հայտնաբերված փաստերն ամբողջությամբ փոխացվեցին իրենց եւ սկսվեց փոթորիկ Մերձավոր Արեւելքում։ Մի քանի կետում միաժամանակ իրականացվեցին գործողություններ։ Կալանավորումներ։ Փաստաթղթերի եւ համակարգչային տեխնիկայի առգրավում։ Սերվերների մանրակրկիտ ստուգում եւ հաշիվների ակնթարթային սառեցում։ Իրֆանն ուղարկեց արկղերի ու ապրանքների լուսանկարներ, ինչպես նաեւ մի էլփոստի հասցե, որը վերցրել էին համակարգիչներից մեկից: Այդ էլփոստին առաքվել էին կազմակերպության մասին տեղեկություններ: Հանցավոր ինքնավստահությունն արել էր իր գործը եւ 2.5 միլիոն դոլարի բեռը դեռ չէր հասցրել «իրացվել» սեւ շուկայում։ Երբ Սիմոնը տեսավ դրանք, նա երկար ժամանակ լուռ էր։ Նրա շնչառությունը ծանրացել էր։ Սա մեր արտադրանքն է… շշնջաց նա վերջապես, եւ այդ խոսքերի մեջ կար անսահման հոգնածություն, եւ թեթեւացում։ Մի քանի շաբաթ անց արդեն ունեինք շոշափելի արդյունք։ Բեռի մեծ մասը վերադարձվեց օրինական տիրոջը։ Ֆինանսական միջոցների մի մասը նույնպես վերականգնվեց, իսկ մերօրյա ,,Օստապ Բենդերների,, հանգրվանը երկար ժամանակով դարձավ բանտը՝ քրեական հանցագործների շարքում։ Երբ վերջնական պատկերը ներկայացրեցինք, Սիմոնը նստած էր մեր գրասենյակում՝ լիովին այլ մարդ դարձած։ – Դուք ոչ միայն գտաք սրիկաներին, այլեւ դուք վերադարձրեցիք ամբողջը,- վառելով թանկարժեք սիգարը ասաց նա՝ հայացքը հառելով ինձ։ Սա իմ պատվի հարցն էր, շնորհակալ եմ, եղբայր: Մեր գործում միակ գնահատականն արդյունքն է, Սիմոն ջան, պատասխանեցի հանգիստ։ Նրա վերջին երեկոն էր Երեւանում եւ որոշեցինք նշել հրաժեշտն ու հաղթանակը երեւանյան կոլորիտային ռեստորաններից մեկում։ Քաղաքը լույսերի մեջ էր, մայիսյան երեկոն լի թարմության բուրմունքով ու խաղաղ։ Սեղանը լեցուն էր հայկական ազգային խոհանոցի լավագույն ճաշատեսակներով ու խորտիկներով, իսկ այդ ամենը համեմվում էր լավագույն հայկական կարմիր գինով, հնչում էին անկեղծ կենացներ ու միմյանց հայավարի գովերգող խոսքեր։ Սիմոնը վերցնելով գինով լցված գավաթը՝ խոհուն նայեց ինձ ու ասաց. -Եղբայրս, ես իմ կյանքում շատ երկրներում եմ աշխատել… բայց այստեղ տեսա մի բան, որը վաղուց չէի զգացել։ Պայմանագրից ավելի անձնական պատասխանատվություն։ Կարծես վնասը հենց ձերը լիներ։ Այդպես միայն մենք հայերս կարող ենք անել, դրա մեջ է մեր ուժը: Ես ժպտալով գլխով արեցի ու դատարկեցի գինով գավաթը: Հաջորդ առավոտյան օդանավակայանի սրճարանում սուրճ էինք խմում՝ սպասելով նրա թռիչքին։ Այստեղ էր, որ Շվեյցարիայի հետքը վերջնականապես բացահայտվեց։ Անսպասելիորեն զանգեց Սիմոնի հեռախոսը։ Նրա տեղակալն էր՝ Շվեյցարիայից, անվտանգության ծառայության պետը։ Նրա ձայնի մեջ հաղթանակի երանգ կար։ Ներքին հետաքննությունը, որը Սիմոնը սկսել էր Երեւանից, տվել էր իր պտուղները։ Պարզվել էր, որ Իրֆանի հայթայթած էլեկտրոնային հասցեն պատկանում էր հենց այն աշխատակցին՝ Մարկուսին, ով ընկերությունում պատասխանատու էր եղել արաբական գործընկերոջ բարեվարքության ստուգման (due diligence) համար։ Խարդախները կապվել էին Մարկուսի հետ հենց այդ հասցեով եւ կլորիկ գումարի դիմաց գնել նրա «դրական եզրակացությունը»։ Մարկուսը՝ մի մարդ, ով տարիներ շարունակ եղել էր ընկերության անկյունաքարերից մեկը, վաճառել էր վստահությունն ու որակը փողի դիմաց։ -Մենք գտանք նրան, Սիմո՛ն,- ասաց տեղակալը։ – Շվեյցարիայի ոստիկանությունը նոր է ձերբակալել նրան իր տանը։ Սիմոնի դեմքին հայտնվեց միաժամանակ ցավ ու հաղթանակի զգացում։ -Սա դեռ ավարտը չէ,-ասաց նա՝ հրաժեշտին ամուր սեղմելով ձեռքս։ – Դավաճանությունը պետք է արմատախիլ արվի։ Բայց ես գնում եմ Ցյուրիխ հանգիստ սրտով, որովհետեւ գիտեմ՝ մենք ունենք հուսալի գործընկեր տարածաշրջանում եւ ոչ միայն: Սպասեք Շվեյցարիայից նոր տեղեկությունների։ Դետեկտիվի մոտ ավարտներ չեն լինում, ժպտացի ես։ Երբ մի գործի թղթապանակը փակվում է, մյուսն արդեն սպասում է իր հերթին։ Նա լայն ժպտաց ու քայլեց դեպի անվտանգության գոտի։ Ես դուրս եկա օդանավակայանի շենքից, նստեցի մեքենաս ու վարեցի դեպի լուսաբացին արթնացող Երեւան։ Քաղաքի ցրվող ստվերներում միշտ էլ նոր պատմություններ են ծնվում։

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

03.04.2026

Կարդացեք աղբյուրում` Շվեյցարական բեռը