«Հարավային Դակոտայի գործերով դաշնային դատախազը որոշում էր ընդունել` վերաքննել տասնյակ սպանությունները, որոնք նախկինում կատարվել են տեղի հնդկացիների շրջանում եւ չեն բացահայտվել: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը: Դատախազ Բրենդան Ջոնսոնը տեղացի մասնավոր խուզարկուի հետ այդ հանցագործությունները հետաքննելու մասին համաձայնագիր է կնքել», «Հոլիվուդյան նախկին զույգի ամուսնալուծության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: Պարզվել է, որ Էմբերը վարձել է հայտնի մասնավոր խուզարկուի, որն աշխատել է Առնոլդ Շվարցենեգերի, Թոմ Քրուզի, Սիլվեստր Ստալոնեի եւ նշանավոր այլ աստղերի հետ», «Ագաթա Քրիստիի խուզարկու հերոսի` Էրքյուլ Պուարոյի մասին նախկինում չհրապարակված պատմությունները կհրապարակվեն այս տարվա սեպտեմբերի սկզբին»… ամենօրյա լրահոսին ավելացել է նաեւ տեղականը, որ 2021 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է առաջին եւ միակ մասնավոր խուզարկուի գրասենյակը՝ «Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրոն», որի հիմնադիր տնօրենն է Հայկ Գաբրիելյանը: Բյուրոն «Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի» անդամ է, համակարգում է աշխատանքները Անդրկովկասի եւ Միջին Ասիայի պետություններում, առաջարկվող ծառայությունների մեջ է Հայաստանի եւ շուրջ 160 երկրներում հաշվառված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության ստուգում, ներկայացում, ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ներկայացում… «Առավոտի» զրուցակիցը «Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրոյի» հիմնադիր տնօրեն Հայկ Գաբրիելյանն է: –Պարոն Գաբրիելյան, առաջին անգամ «մասնավոր խուզարկու» տեսել եմ 2012 թվականի երեւանյան դատական գործընթացներից մեկի ժամանակ, նա ԱԱԾ նախկին աշխատակից Վլադիմիր Թուրաբյանն էր, որը վարձվել էր մի կնոջ կողմից՝ ամուսնուն հետեւելու համար: Դատարանը դժվար կացության առաջ էր կանգնած, քանի որ Թուրաբյանն ասում էր օրենք չկա, բայց պահանջը կա, եւ տարիներ հետո դուք ականատես կդառնաք նրան, որ մարդիկ կդիմեն մասնավոր խուզարկուների ծառայությանը: Դուք հիմնադրել եք այս պահին Հայաստանում առաջին եւ միակ մասնավոր խուզարկուի գրասենյակը: Ի՞նչ իրավական կարգավորումներով եք գործում:
-Շնորհակալություն, որ հարցազրույց եմ տալիս իմ սիրելի ուղեկից թերթին: Անկախությունից հետո «Առավոտն» ինձ ուղեկցել է ամեն օր, անձամբ ամեն օր գնել եմ թերթն աշխատանքի գնալիս, շնորհակալ եմ այս պատվին արժանանալու համար: Ձեր նշած անձը խախտել էր «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը, հետապնդել էր, լուսանկարել, մտել մասնավոր տիրույթ: Այն, ինչ օրենքով մինչ օրս արգելված է: Մենք 2021 թվին հիմնադրել ենք մեր ընկերությունը, հիմնադրման առաջին պայմանը հետեւյալն էր. պահել ՀՀ քրեական, ՀՀ քրեական դատավարության, քաղաքացիական, Սահմանադրության՝ Մայր օրենքի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքների հիմնարար դրույթները: Մենք անձնական տիրույթ չենք մտնում: Կան տեղեկություններ, որոնք հասու են միայն իրավապահ մարմիններին: –Դուք գործում եք, բայց օրենքը դեռ չկա: Արդյո՞ք բարձրաձայնում եք: -«Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենքի նախագիծ մի քանի անգամ փորձել են շրջանառել, մի հետաքրքիր նախագիծ կա, որի վրա աշխատել եմ մեր թիմի հետ, կփորձենք առաջ տանել այդ նախագիծը: Մեր հիմնարկության կարեւոր առաքելությունը հետեւյալն է. մասնավոր խուզարկուի գործը դարձնենք այնպիսին, ինչպիսին մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններն են՝ բժշկինը, լրագրողինը, իրավաբանինը, ոստիկանինը, ինչպես աշխարհի ցանկացած երկրում է: Մենք վերցրել ենք ամերիկյան օրենսդրությունը. ամենալավագույնը. կա մեկ ընդհանուր օրենք եւ նահանգային ենթաօրենսդրական կարգավորումներ: Փորձել ենք, որքանով կարողացել ենք մեր թիմով ներառել բոլոր նահանգների լավագույն իրավական կարգավորումները, որպեսզի չցավեցնենք: Եթե նույնիսկ օրենքն ընդունվի, կարող է խնդիր լինի, թե ինչու մարդը մտավ մեր կյանք: ԱՄՆ-ում, որը ամենալավ խուզարկուական ավանդույթներ ձեւավորած պետությունն է, բացառվում է, որ խուզարկուն հասնի ննջասենյակ, ներսը համարվում է մասնավոր տիրույթ, ներսի իրավասությունը ունի միայն պետությունը, բացառապես դատարանի որոշմամբ: –Այս չորս տարիների ընթացքում ունե՞ք վիճակագրություն, թե ինչքան մարդ է դիմել, որ շրջանակներն են հատկապես, ինչ պահանջներով, հայտերով: -Դիմողների գերակշռող մասը դիմում են ամուսնական դավաճանության խնդիրներով: Նրանց ընկալմամբ, մասնավոր խուզարկուն այն անձն է, որ ուղիղ զբաղվում է սիրեկան-սիրուհի ման գալով: Դիմել են հարյուրավոր մարդիկ ամբողջ աշխարհից, խորհրդատվությունն անվճար է, ցանկացած մարդ կարող է գալ մեզ մոտ, կքննարկենք, կլսենք նրան, եթե խնդիրը մեր տիրույթից դուրս է, բնականաբար, չենք զբաղվի, եթե չի հակասում ՀՀ օրենսդրությանը, մենք կատարում ենք իրենց պատվերը, ծառայությունը: Մենք ծառայություններ ենք մատուցում Հայաստանից դուրս: Ինքս լինելով Միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, որը կանոնակարգում է նախկին Սովետական միության տասնհինգ հանրապետությունների դետեկտիվների աշխատանքը, մեր գործընկեր կազմակերպությունների միջոցով հայերի արձակուրդային նախընտրած վայրերում՝ Կիպրոս, Իտալիա, Իսպանիա… կարողանում ենք ծառայություններ մատուցել, հավաքագրել տեղեկություններ, գտնվելով այդ երկրների իրավակարգավորման տիրույթում: Մեր պատվիրատուները Հայաստանի Հանրապետությունում կորպորատիվ անվտանգության մասով է, բիզնեսի աշխատողների բարեվարքության ստուգում, մրցակցային բիզնես հետաքննություն, հայկական բիզնեսը բավական դրական է ընդունում մեզ, մեկ տարի է, Մանթաշյանց գործարարների ակումբի անդամ ենք: Նրանք դիտարկում են մեզ որպես բիզնեսին աջակցող ընկերություն: –Պրն Գաբրիելյան, ունե՞ք բավարար ռեսուրսներ, ովքեր են ձեր ընկերության անդամները, աշխատակիցները, ԱԱԾ–ն, իրավապահ մարմինները «խանդով» չե՞ն վերաբերվում բյուրոյի «այլընտրանքային հետաքննությանը»: -ԱԱԾ-ից չունենք, ոստիկանությունից են բոլորը: Բացառում ենք խանդի մասը: Մեր աշխատանքն ավելի մոտ է ոստիկանության գործառույթներին, աշխատում ենք պետական մարմինների հետ, որոշակի դեպքերում դիմում ենք ԱԱԾ-ին, ՆԳՆ, մնացած իրավապահ մարմիններին… ԱԱԾ-ն ունի իր տեղեկատվական բազան, մենք ունենք մերը: Մենք ունենք հասանելիություն աշխարհի միլիարդավոր բազաներին, Շերլոք Հոլմսը կամ Կոմիսար Մեգրեն քայլում էին, վազվզում, ժամանակները փոխվել են, քայլել պետք չի, այս գործիքը, որին «սատանայի գործիք» եմ անվանում, ֆիզիկական աշխատանք չի պահանջում, սա դառել է ինտելեկտուալ բիզնեսի մաս: Հա, ի դեպ, մենք Պինկերտոն դետեկտիվ գրասենյակի հետ ունենք համագործակցության պայմանագիր, Լատվիայի, Ուկրաինայի եւ մեր հետ են նրանք աշխատում (150 տարի առաջ հիմնադրված գրասենյակը ժամանակին փրկել է Աբրահամ Լինքոլնի կյանքը, խփել են Լինքոլնին այն ժամանակ, երբ նա հրաժարվել է դետեկտիվ գրասենյակի ծառայությունից): –Լրագրողներիս համար, մտավոր որոնողական աշխատանք կատարողներիս համար կարեւոր գործիքակազմ է Արհեստական բանականությունը՝ ChatGPT-ն, դիտարկո՞ւմ եք նրան որպես «վստահելի գործընկեր»: -Այո, օգտվում ենք, «պարապ վախտի խաղալիք» եմ դարձրել արհեստական բանականությանը: Կարողացել եմ հասցնել նրան, որ ChatGPT-ին, երբ հարց տաք՝ ո՞վ է առաջին մասնավոր խուզարկուն Հայաստանում, կպատասխանեն՝ Հայկ Գաբրիելյանն է: –Բայց կարծես հայերենի տեղեկատվական բազան խեղճ է, որոշ առումներով: -Գիտեք, ինչու: Անգլերենով, ռուսերենով շատ են օգտատերերի հարցերը, ինքը գեներացնում է ավելի շատ ինֆորմացիա: Ուզում ես գիշերը դիմիր, ցերեկը, քեզնից հաց չի ուզում, չի հոգնում, հասանելի է ցանկացած պահի, չի ասում՝ բարեկամիս հարսանիք եմ գնում, կգամ, կպատասխանեմ, անվճար պատասխանում է հարցերիդ… Անգլերենով, ռուսերենով որոշակի կարգավորված է, մոտակա մինչեւ հինգ տարվա մեջ լուրջ դիրք կգրավի, տեղեկատվական կիքսերը արագ կլրացնի, ինքը կարողանում է ինքնուրույն իրեն մշակի, վերադիրքավորվում է: Կվերանան մասնագիտություններ, բայց բժիշկը, ժուռնալիստը, հաշվապահը, դետեկտիվը, ուսուցիչը դեռեւս կմնան: –Հայտարարություններ կան փողոցների սյուներին, պատերին, «Լիստ»-ում, մասնավոր խուզարկու եմ, կանեմ այս բանը… ինքնակոչնե՞րն են, թե «ծուղակ» է ձեզ համար: -«Լիստէյէմ», եթե խփենք, այլեւս նրանք չկան, որեւէ տեղ նման բան եթե լինի, մոնիթորինգ են իրականացնում համացանցում, դիմում ենք ինտերնետ տիրույթի պատասխանատուներին, հեռացվում են: Հիմա չկան, դա խարդախություն է, ծուղակ է, դետեկտիվը ոչ թե պատին խփելով պիտի հանդես գա, այլ գործունեությամբ: –Իսկ փորձե՞լ եք կապի դուրս գալ ինքնակոչների հետ: -Փորձել ենք զանգել, հասկանանք ինչով են զբաղվում, կորում են, ընդհատակ են անցնում: Մենք դրա դեմ պայքարում ենք: Կա լավ օծանելիք, կա՝ կեղծված, լավ դեղ, եւ կեղծ: Կեղծ դետեկտիվը չարիք է, քանի որ դուք չգիտեք, ով է այն կողմում: –Սոցիալական ցանցերում հայտնիները զերծ չեն մնում ֆեյք նկարներով անձանց կողմից հնչեցվող սպառնալիքներից, շանտաժից: Բյուրոյին դիմե՞լ են նմանատիպ սպառնալիքների համար: -Շատ-շատ են նմանատիպ հայտերը, մարդիկ դիմում են մեզ, ոստիկանություն, իրավապահ մարմիններին, ԱԱԾ-ին, որպեսզի քրեական գործ հարուցվի, փորձում ենք գտնել: Կան դեպքեր, որ գտնում ենք, եթե օգտատիրոջ՝ ֆեյքի հետեւում ֆեյք-պլատֆորմա չի: Կան կայքեր, որտեղ կարող ես մտնել, ստանալ էլեկտրոնային փոստի հասցե, կամ՝ էլեկտրոնային հեռախոսահամար, հետո տասը րոպե հետո այն վերանա: Փակում են իրենց հասցեն: Մենք փորձում ենք միջազգային գործընկերների միջոցով գոնե փակել, արգելափակել, դիմել սոցիալական պլատֆորմաներին: Տիկտոկյան հարթակի վերաբերյալ, որտեղից շատ են բողոքները, ունեմ մի կարծիք, որ տիկտոկը Հայաստանում պետք է փակվի, կատաստրոֆա է: Երկրի ղեկավարները, հայտնիները ելնելով թրենդից, գնում են այնտեղ, որովհետեւ շատ հասանելի է, կտտացնում ես հեռախոսն ու գնաց… –Ձեր գործընկերոջը, որին հանձնարարում եք զբաղվել պահանջված գործով, վերահսկողությունն ինչպես եք իրականացնում, բյուրոն ունի՞ էթիկայի կանոնագիրք: -Մեր մոտ, քանի որ դետեկտիվների համաշխարհային ասոցիացիային ենք անդամագրված, նրանց էթիկայի կանոնագրքով ենք առաջնորդվում: Այս տարվա սեպտեմբերի 1-10-ը Չիկագոյում մասնակցելու ենք հավաքին: Դետեկտիվը հաճախորդի կամ պատվիրատուի նկատմամբ չպետք է ունենա քաղաքական, ռասայական, էթնիկ, սեռային խտրականություն… եթե եկավ այլադավան, դու իրավունք չունես խախտել ենթակետերն անգամ: Հիմնական աշխատակիցները մեր Գաբրիելյան ընտանիքն է, եղբայրս՝ Ոստիկանության պահեստազորի գնդապետ է, ոստիկանապետ է եղել, որդիս է՝ իրավաբանականի ուսանող, երեքով միակ մասնագիտացված, կրթություն ստացած դետեկտիվներն ենք: –Որտե՞ղ եք ստացել կրթությունը: -Սանկտ Պետերբուրգի մասնավոր խուզարկուների բարձրագույն դպրոցում: –Ոստիկանական ակադեմիայում, բուհերի իրավաբանական ֆակուլտետներում մտադիր չե՞ք դասընթացներ անել, ուղեցույցներ ստեղծել: – Այո, օրենքը ընդունվելուց հետո, մենք նախատեսում ենք ուսումնական վեցամսյա պրոցես, վերապատրաստում: Կան իրավապահ մարմիններում աշխատած, բայց դետեկտիվի մասնագիտացում չունեցող անձինք: Ցանկացած համակարգի հետ բաց ենք աշխատելու: Մտադիր եմ գրել գիրք, ոչ թե դետեկտիվ Հայկ Գաբրիելյանի կյանքի, կամ մեր բյուրոյի մասին, այլ հանրագիտարան, որը կլինի մի քանի բաժիններից բաղկացած: Առաջին անգամ բացում եմ մտադրությունս «Առավոտի» համար: Գրքում կներառվեն հանրագիտարանային տվյալներ, ինչ է դետեկտիվը, որ երկրի օրենքով ինչ է թույլատրված, երրորդ բաժինը խորհուրդներ են, ինչպես ապրել անվտանգ, եւ վերջինը՝ հավաքել բոլոր հնարավոր անեկդոտներն ու հումորային պատմությունները մասնավոր խուզարկուների մասին: –Ձեր դիտարկումներով Հայաստանում այս պահին քրեածին իրավիճակն ինչպիսի՞ն է, հանցավոր կազմակերպված խմբեր կա՞ն: -ՀՀ-ում հանցավոր խմբեր չկան: Կային ժամանակին: Այսօր հանցավոր աշխարհի հեղինակությունները չկան, սուս, հանգիստ գտնվում են իրենց տիրույթում: Ամբողջ աշխարհի հեղինակությունները հավաքված են Թուրքիայում, պարարտ տիրույթ է՝ Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից… –Ձեր ֆինանսական միջոցները որտեղից են գոյանում: -Գումարները կախված են պատվերի տեսակից: Կան հաստատուն սակագներ, Հայաստանում հաստատուն է, Հայաստանից դուրս տեղեկատվության հավաքագրումը, բնականաբար, կախված է տվյալ երկրում առկա գնագոյացումից, ծառայության տեսակից, հնարավորություններից, Իտալիայում, Էմիրաթներում ուրիշ գին է, Ռուսաստանում՝ ուրիշ: Ինչին հասել ենք, նախնական իմ ներդրումների շնորհիվ է եղել: Որպեսզի ճանաչելիությունը բարձրանա, մեծանա, փոխվել է այն կարծրատիպը, թե դետեկտիվը տեսանելի չպիտի լինի: Առաջին տասնյակի դետեկտիվներ կան, որ բլոգներ են վարում, բանախոսում, օգնում, այսօրվա դետեկտիվը պպզած չի կարող անցնել, գործել, փոխվել են ժամանակները:
Հարցազրույցը վարեց Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
05.04.2025
Դիտել աղբյուրում ՝ «Կեղծ դետեկտիվը չարիք է, քանի որ դուք չգիտեք, ով է այն կողմում». Հայկ Գաբրիելյան