LifeNews.am-ն այս անգամ ընթերցողների համար բացահայտել է դետեկտիվի աշխատանքային գործիքակազմը: Եթե ձեզ հետաքրքիր է, ինչպես է կարողանում դետեկտիվը և՛ մնալ օրենքի շրջանակներում, և՛ բացահայտել ամենաբարդ խնդիրները, ապա այս հոդվածը ձեզ համար է։
«Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոյի հիմնադիր, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Գաբրիելյանը պատմում է․
«19-րդ դարի կեսերին, երբ նոր էր ձևավորվում մասնավոր խուզարկուի ինստիտուտը մինչև մեր դարի 90 ականները , դետեկտիվների հիմնական գործիքակազմն էին խոշորացույցը, մեծ չափսերով ֆոտոապարատը կամ կինոխցիկը լավագույն դեպքում: Նրանք պետք է պարտադիր հետևեին անձին, որպեսզի ձեռք բերեին տեղեկություններ և ապացույցներ: Պենսնեով, ծխամորճով ու խոշորացույցով խուզարկուի կերպարը արդեն դարձել է դետեկտիվ գործունեությունը մատնանշող սիմվոլ: Ներկայումս չկա այդ խնդիրը: 21-րդ դարի մասնավոր խուզարկուի հիմնական օգնականներն են համացանցը, սոցիալական ցանցերը, ժամանակակից թվային գործիքներն ու բաց ռեսուրսներում առկա «առատ» տեղեկատվությունը»։
Անդրադառնալով ոստիկանության հետ համագործակցության մասին հարցին, Գաբրիելյանը պատասխանեց․
«Համաշխարհային պրակտիկայում 100 տարուց ավելի է մասնավոր դետեկտիվը, որպես այլընտրանքային հետաքննություն իրականացնող սուբյեկտ, իրավապահ համակարգի անքակտելի օղակներից է հանդիսանում: Միջազգային պրակտիկայում, մասնավոր խուզարկուն կրում է ծառայողական զենք, հանրային վայրերում կարող է իրականացնել գաղտնալսում, տեսաձայնագրում, լուսանկարահանում: Դետեկտիվի կողմից իրականացվող աշխատաքների ընթացքում հայթայթված տեղեկատվությունը, եթե պարունակում է հանցագործության մասին տեղեկություններ ՝ անհապաղ փոխանցվում է իրավապահ մարմիններին, որոնք և գործը հասցնում են տրամաբանական ավարտին: Դետեկտիվը նաև կարող է իրականացնել հանցագործություն կատարած անձի ձերբակալություն՝ ձերբակալվածին այնուհետև հանձնելով իրավապահներին:
«Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոյի կողմից Հայաստանում հանցավորության դեմ պայքարի շրջանակներում արդեն իսկ կիրառվում է վերը նշված համագործակցության և գործընկերության մշակույթը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ,ՀՀ Քննչական կոմիտեի և իրավապահ համակարգի մյուս օղակների հետ: Մեր աշխատանքների հիմնական մասը նաև տնտեսական հանցագործությունների բնագավառին է առնչվում՝ ոչ թե երկրի այլ համաշխարհային մակարդակով։ Միջազգային սերտ համագործակցությունը ամենաբարձր դիրքերի վրա է դրված։ Մշտապես մենք մեր փորձով աջակցում ենք իրավապահ համակարգի գործընկերներին խարդախության, դրամաշորթության, հոգեմետ նյութերի և թմրադեղերի տարածման դեմ պայքարում»։
Հարցին՝ ինչպես է կարողանում դետեկտիվը կատարել իր առաջադրանքը, սակայն մնալ օրենքի շրջանակներում, մասնավորապես, ինչպես է հաջողվում չներխուժելով անձնական տարածք, հավաքել անհրաժեշտ ինֆորմացիան, Հայկ Գաբրիելյանը պատասխանեց․
«Անձնական տիրույթ մտնել չի կարելի: Դետեկտիվն իր գործունեության ընթացքում քայլում է օրենքի ու անօրենության միջև գծված անտեսանելի սահմանգծով: Չունի պրոֆեսիոնալիզմ, անհրաժեշտ գործիքակազմ, համապատասխան փորձ և գիտելիքներ՝ շատ արագ կհատի սահմանագիծը։ Ամենակարևորը՝ դետեկտիվը չունի սխալվելու իրավունք: Մեր բյուրոն հետաքննություններն իրականացնում է բացառապես OSINT (Open Source Intelligence) կամ բաց աղբյուրների միջոցով հետախուզության մեթոդոլոգիայով: Դա տեխնիկայի մի շարք է, որը թույլ է տալիս բացահայտել, համակարգել և վերլուծել բաց, հանրային աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: Բաց, հանրային աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների օգտագործման հիմնական առավելությունները ստացված տեղեկատվության հետագա օրինականացման հնարավորությունն է, քանի որ այն ամենը, ինչ հավաքվում է, հասանելի է համացանցի անծայրածիր միջավայրում, գլխավորը այն գտնելն է: Իսկ մենք գտնում ենք»։
Ընթերցողի մոտ գուցե հարց առաջան, ի վերջո, եթե կատարվել է որևէ հանցանք, դիմել ոստիկանությո՞ւն, թե՞ դետեկտիվին, ո՞ր դեպքում որ մեկն է ավելի արդյունավետ: Պատասխանը, ըստ Հայկ Գաբրիելյանի, հետևյալն է․
«Ցանկացած հանցագործության դեպքում պարտադիր պետք է դիմել Ոստիկանություն: Ոստիկանությունն ունի բոլոր հնարավոր գործիքակազմը և ռեսուրսները հանցագործության արագ բացահայտման համար: Մասնավոր դետեկտիվին կարելի է դիմել զուգահեռ լրացուցիչ ապացույցների ու փաստերի հավաքագրման և հետագայում դրանց միջոցով նախաքննության աջակցելու համար: Մասնավոր դետեկտիվն ըստ էության հանցագործությունների ժամանակ առավելապես հադես է գալիս, որպես տուժող կողմի շահերի պաշտպան և օգնում է հանցագործությունների արագ բացահայտմանը»։
Հարցին, արդյոք դետեկտիվի համար օրենքում կան բացառություններ, արտոնություններ տրված են, դեդեկտիվ Գաբրիելյանը պատասխանեց․
«Մասնավոր դետեկտիվների ու պետական համակարգի համագործակցությունը պարտադիր է, քանի որ դրանից շահում է հանցավորության դեմ պայքարը: Պետության շահերի պաշտպանությունը պրոֆեսիոնալ գիտելիքներով ու փորձով օժտված մասնավոր դետեկտիվի պարտականությունն է: Չէ որ դետեկտիվների գերակշռող մասը իրավապահ համակարգի նախկին սպաներ են,ովքեր մշտապես կանգնած են եղել պետության շահերի պաշտպանության առաջնագծում: Պատմությունը ցույց է տվել, պետության շահերի պաշտպանության անունով տրված օրենքը շրջանցող արտոնությունները շատ արագ կարող են վերածվել նոր հանցագործությունների: Իմ կարծիքով օրենքով բացառություններ ,որոնք կարող են իրենցից ենթադրել նոր հանցագործություններ կամ զանցանքներ որևէ մեկին չեն կարող տրվել»։
Տաթև Կոստանդյան
Կարդացեք աղբյուրում` Դետեկտիվն իր գործունեության ընթացքում քայլում է օրենքի ու անօրենության միջև գծված անտեսանելի սահմանգծով․ Հայկ Գաբրիելյանը՝ դետեկտիվի աշխատանքի առանձնահատկությունների մասին — LifeNews