«Ինտերնետը շատ «չար» և «նենգ» երևույթ է. այն ամեն ինչ հիշում է։ Այսօր մարդու դեմքն ու կենսաչափական տվյալները ամենուր են, և այն, ինչ նախկինում փնտրում էին ամիսներով, թվային հետքի ու արհեստական բանականության շնորհիվ մենք գտնում ենք 5 րոպեում»։
Հայաստանում մասնավոր դետեկտիվի ինստիտուտի կայացման, միջազգային զեղծարար սխեմաների բացահայտման և թվային հետքի կարևորության մասին «Ուրիշ նորություններում» պատմել է «Gabrielyan & Partners» դետեկտիվ բյուրոյի հիմնադիր, Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանը: Նրա ձևակերպմամբ՝ դետեկտիվը հասարակության մեջ իրականացնում է յուրօրինակ «սանիտարական մաքրման» աշխատանքներ այնտեղ, որտեղ դեռևս չկա քրեաիրավական գնահատական, բայց կա խնդիր կամ անվստահություն։ Փորձագետը հստակեցնում է մասնագիտական էթիկայի սահմանները․
«Մենք չենք զբաղվում սիրային հետապնդումներով, քանի որ անձնական կյանք ներխուժելը հանցագործություն է։ Լեգալ դետեկտիվը պաշտպանում է մարդու սահմանադրական իրավունքը, ոչ թե խախտում այն»։
Հայկ Գաբրիելյանի գլխավորությամբ մշակվել է «Մասնավոր դետեկտիվ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը թույլ կտա ոլորտը դարձնել լիարժեք ինստիտուցիոնալ ծառայություն։
Դիտել աղբյուրում ՝ Telegram: View @RadioSputnikArm
