Ընդհանրապես ինչո՞վ է դետեկտիվի մասնագիտությունը տարբերվում ոստիկանի մասնագիտությունից։
— «Համաշխարհային պրակտիկայում մասնավոր դետեկտիվը՝ որպես այլընտրանքային հետաքննություն իրականացնող սուբյեկտ, արդեն ավելի քան 100 տարի իրավապահ համակարգի անքակտելի օղակներից է։ Միջազգային պրակտիկայում մասնավոր դետեկտիվը կրում է ծառայողական զենք, կարող է իրականացնել հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, տեսագրություն, լուսանկարահանում հանրային վայրերում։ Դետեկտիվի աշխատանքների ընթացքում ստացված տեղեկատվությունը, եթե այն հանցագործության մասին տեղեկություններ է պարունակում, անհապաղ փոխանցվում է իրավապահ մարմիններին, որոնք գործը հասցնում են տրամաբանական ավարտին։ Ոչ բոլորն են դիմում իրավապահ մարմիններին՝ վախենալով իրենց խնդրի հրապարակայնությունից։ Արդյունքում դիմում են դետեկտիվներին, ովքեր «լսեցին ու մոռացան»։ Գոյություն ունի «դետեկտիվ գաղտնիք» հասկացությունը, որը երաշխավորում է գաղտնիությունը»։
Ինչի՞ վրա է հիմնված Ձեր աշխատանքի պրոֆիլը։
— Մասնավորապես, դետեկտիվը՝ որպես այլընտրանքային հետաքննություն իրականացնող անձ, կարող է օգնել բացահայտել ճշմարտությունը և ձեզ տրամադրել ապացույցներ, որոնք անհրաժեշտ են ձեր հետագա հիմնավոր որոշումների համար։ Մասնավոր դետեկտիվի ծառայությունների շրջանակը շատ լայն է՝ առևանգված մեքենայի որոնումից մինչև առևանգված երեխայի հայտնաբերում և վերադարձ, սոցիալական ցանցերում «վատ քոմենթի» հեղինակի որոնումից մինչև անհետացած մարդու որոնում, կազմակերպության անբարեխիղճ աշխատակիցների բացահայտում և այլն։
Մեր բյուրոն՝ որպես Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի անդամ, տարբեր ծառայություններ է մատուցում Հայաստանի քաղաքացիներին և կազմակերպություններին ոչ միայն Հայաստանում, այլև շուրջ 160 երկրներում, այդ թվում իրավական աջակցություն տրամադրելով տվյալ պետությունների իրավապահ համակարգի հետ կապված հարցերում։
«Գաբրիելյան ընդ Փարթներս» դետեկտիվ բյուրոն Հայաստանում հանցավորության դեմ պայքարի շրջանակում արդեն կիրառում է համագործակցության և գործընկերության մշակույթ ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի և իրավապահ համակարգի այլ օղակների հետ։ Սերտ միջազգային համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է։ Մենք միշտ մեր փորձով աջակցում ենք իրավապահ համակարգի գործընկերներին խարդախության և դրամական միջոցների շորթման, հոգեմետ նյութերի և թմրանյութերի տարածման դեմ պայքարում։
Ինչպիսի՞ օրինական աշխատանքային գործիքներ ունեք։
— «XIX դարի կեսերին, երբ մասնավոր դետեկտիվների ինստիտուտը նոր էր ձևավորվում, մինչև մեր դարի 90-ական թվականները դետեկտիվների հիմնական գործիքը խոշորացույցն էր, մեծածավալ լուսանկարչական ապարատը կամ, լավագույն դեպքում, կինոխցիկը։ Նրանք պարտադիր պետք է հետևեին մարդուն՝ տեղեկություններ և ապացույցներ ստանալու համար։ Պենսնեով, ծխամորճով և խոշորացույցով դետեկտիվի կերպարն արդեն դարձել է դետեկտիվ գործունեությունը խորհրդանշող նշան։
XXI դարի մասնավոր դետեկտիվի հիմնական օգնականներն են համացանցը, սոցիալական ցանցերը, ժամանակակից թվային գործիքները և բաց ռեսուրսներում առկա տեղեկատվության «առատությունը»»։ Հենց բաց աղբյուրներն ու թվային հետքն են դետեկտիվի հիմնական գործիքները։ Հետաքննությունների ընթացքում դրանց ավելանում են նաև հարցումները, տարբեր փակ աղբյուրներից տեղեկատվության հավաքագրումը, այլ երկրների դետեկտիվների աջակցությունը…
Ինչպիսի՞ հմտություններ պետք է ունենալ այս մասնագիտության համար։
— Իմ կարծիքով՝ մասնավոր դետեկտիվ կարող է լինել միայն այն մարդը, ով կարողանում է գաղտնիք պահել, սրտով ազնիվ է, ունի անբասիր կենսագրություն և լավ համբավ հասարակության մեջ։
Ասացեք, որքանո՞վ է իրատեսական մարդուն գտնել լուսանկարով։
— Պատռված, մգացած լուսանկարով մարդուն գտնել կարելի է միայն ֆիլմերում։
Իրական կյանքում անհրաժեշտ է որակյալ լուսանկար, որը պարունակում է տեղանքի գոնե որոշ մանրամասներ, կամ լրացուցիչ տեղեկություն՝ գոնե մեկ հաշիվ սոցիալական ցանցերում, մի քանի հեռախոսահամար։
Եթե դրան ավելացնենք մարդկանց և կազմակերպությունների թվային հետքերը, բացահայտման հավանականությունը դառնում է գրեթե հարյուր տոկոս։
Հետաքննել նշանակում է գտնել պատճառահետևանքային կապեր, այլ ոչ թե հորինել դրանք։

Ո՞րն է ամենադժվարը Ձեր աշխատանքում։
— Այնպիսի տեղեկատվության հայտնաբերումը, որը կարող է հաճախորդին խորքային և անվերականգնելի ցավ ու վնաս պատճառել։
Այդ դեպքում մենք նախընտրում ենք ուղղակի հրաժարվել պատվերից։
Աշխատանքում եղե՞լ են զվարճալի կամ ծիծաղելի դեպքեր։ Պատմեք, խնդրեմ, դրանց մասին։
— Զվարճալի դեպքեր կան, բայց հաշվի առնելով մեր գործունեության ոլորտը և հաճախորդների գաղտնիության սկզբունքը՝ դրանք չեմ ներկայացնի։ Գուցե քսան տարի հետո հուշեր գրեմ։ Ավելի լավ է թեմային վերաբերող անեկդոտ պատմեմ.
Երկու ընկեր զրուցում են։
— Գիտե՞ս, որ բնակարանի մաքրությունը մեզ օրական 50 դոլար է արժենում։
— Ինչո՞ւ այդքան թանկ։
— Ես մեր երիտասարդ սպասուհուն վճարում եմ 10 դոլար, իսկ կինս մասնավոր դետեկտիվին վճարում է 40 դոլար։
Իսկ ձախողումնե՞րը։
— Փառք Աստծո, առայժմ ձախողումներ չեն եղել։ Իր գործունեության ընթացքում դետեկտիվը քայլում է օրենքի և անօրինության միջև գծված անտեսանելի գծով։ Չունենալով պրոֆեսիոնալիզմ, անհրաժեշտ գործիքներ, համապատասխան փորձ և գիտելիքներ՝ նա շատ արագ կհատի այդ գիծը։ Ամենակարևորն այն է, որ դետեկտիվը սխալվելու իրավունք չունի։
Իսկ դավաճանության բացահայտման հետ կապված հետաքննություննե՞րն են ամենատարածված ծառայությունները։
— Մի հետաքրքիր փաստ ներկայացնեմ. ըստ Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի վիճակագրության՝ ամենահաճախակի պատվերները կապված են ամուսնական դավաճանության հետ, և պատվիրատուների մեծ մասը կանայք են։ Ինչ վերաբերում է Հայաստանի վիճակագրությանը, այն գաղտնի կպահեմ։ Խոստանում եմ 15 տարի հետո անձամբ Ձեզ ներկայացնել բացառիկ վիճակագրություն։

Ապացույցների համար փշոտ թո՞ւփը կմտնեք։
— Եթե այդ ապացույցները կհանգեցնեն դարի առեղծվածային հանցագործության բացահայտմանը, ապա այո։
Վերցրե՞լ եք գործեր, որոնք ակնհայտ վտանգ են ներկայացրել կյանքի համար։
— Առայժմ նման հետաքննություն «չի բախտավորվել»…
Սոցիալական ցանցերի մոնիթորինգը հեշտ խնդիր չէ՝ հաշվի առնելով, որ մարդիկ փորձում են չհրապարակել իրենց անձնական կյանքը…
— Սոցիալական ցանցերի մոնիթորինգի միջոցով կարելի է իմանալ նույնիսկ ցանկացած մարդու անձնական տվյալները։
Որքան ակտիվ է մարդը, ասենք, Facebook-ում, այնքան շատ թվային հետքեր է թողնում այնտեղ և անհրաժեշտության դեպքում հեշտացնում դետեկտիվի աշխատանքը։ Հետաքննությունների ընթացքում դրանց ավելանում են նաև հարցումները, տարբեր փակ աղբյուրներից տեղեկատվության հավաքագրումը, այլ երկրների դետեկտիվների աջակցությունը։
Ի դեպ, սոցցանցերի մոնիթորինգի մեթոդիկայից այժմ ակտիվորեն օգտվում են խանդոտ կանայք։
Եվ այնուամենայնիվ, Ձեր աշխատանքում ռոմանտիկա կա…
— Իմ կարծիքով՝ ցանկացած երիտասարդ, ով պատանեկության տարիներին կարդացել է համաշխարհային դետեկտիվ գրականության գլուխգործոցները, իրեն պատկերացրել է Շերլոկ Հոլմսի, Պուարոյի կամ որևէ այլ հերոսի կերպարում։ Ես իմ երազանքներում բացառություն չէի։
Ռոմանտիկայի մասին կարճ կարելի է ձևակերպել այսպես. ռոմանտիկայով համեմված պատանեկան երազանքի և մասնագիտական փորձի սինթեզի արդյունքում իրականություն դարձավ Հայաստանի պատմության մեջ առաջին խուզարկուական կազմակերպությունը։
Պատմեք, խնդրեմ, Մանթաշյանց կենտրոնում վերջերս կայացած ցուցահանդեսին Ձեր մասնակցության մասին։
— Մանթաշյանց Global Expo 2024-ին մեր մասնակցությունը հնարավորություն տվեց ոչ միայն ներկայացնել «ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՆ և առաջարկվող անվտանգության համակարգերի լավագույն առաջարկները, այլև շատ լավ հնարավորություն՝ անմիջականորեն շփվել մեր ներկա և պոտենցիալ գործընկերների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթանալ անվտանգության ոլորտում նրանց շահերին ու կարիքներին և օգնել նրանց ընտրել այդ ոլորտի ամենահուսալի համակարգերը։
Ներկայացվեցին մեր կողմից մատուցվող ամենապահանջված ծառայությունները՝

- անձնական հեռախոսների և համակարգիչների պաշտպանություն չարամիտ գաղտնալսումից,
- գործընկերների իրավական և տնտեսական բարեխղճության գնահատում,
- աշխատակիցների բարեխղճության ուսումնասիրություն,
- ստի դետեկտորի կամ պոլիգրաֆի ծառայությունների մատուցում և այլն։
Էքսպոյի 2 օրերի ընթացքում հարյուրավոր հետաքրքրված այցելուներ «Գաբրիելյան ընդ Փարթներս» դետեկտիվ բյուրոյի հյուրընկալ տաղավարում կարողացան ծանոթանալ բյուրոյի ծառայություններին և անվտանգության նորագույն համակարգերին։
Ցուցահանդեսի շրջանակում գործընկերների հետ ստորագրվեցին հուշագրեր, ինչպես նաև ձեռք բերվեցին համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ։
Բլեֆ և խաբեություն։ Ո՞րն է տարբերությունը։
— Ինձ համար երկուսն էլ նույնն են։ Գուցե այն պատճառով, որ չեմ սիրում մոլախաղեր։ Կարծում եմ՝ բլեֆն ավելի շատ օգտագործվում է խաղերում…
Եվ որքա՞ն հաճախ է խուզարկությունը դիմում այդ հասկացություններին։
— Բացառիկ դեպքերում դետեկտիվը կարող է բլեֆ կամ խաբեություն կիրառել՝ արժեքավոր տեղեկություն ստանալու և կարևոր հետաքննությունում հաջողության հասնելու համար։
Բայց դա կարող է լինել ծայրահեղ մեթոդ…
Սրտի՞ կանչ, թե՞ արյան կանչ։
— Գուցե յուրաքանչյուրի մոտ դա տարբեր կերպ է արտահայտվում՝ զգացմունքներ, կապ Հայրենիքի, մտերիմների, ընտանիքի հետ…
Իմ կարծիքով՝ այստեղ անտեսանելի տրամաբանական կապ կա, որովհետև արյունն ու սիրտը շատ փոխկապակցված են և անբաժանելի…
Ի՞նչ գլխավոր խորհուրդ կտայիք 7-ամյա Ձեզ։
— Ես սկսել եմ կարդալ 5 տարեկանից։ Գիրքը միշտ եղել է իմ կյանքի ուղեկիցը։
Ահա այն խորհուրդը, որ կտայի յոթամյա ինձ.
Գնա՛ նույն ճանապարհով, բայց կարդա՛ երկու անգամ ավելի շատ գիրք և սովորի՛ր շատ լեզուներ։
Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները։
— Այո, եթե այդ նպատակը դուրս չի գալիս մարդկայնության և հումանիզմի սահմաններից։
Պարոն Գաբրիելյան, մեծ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ամենայն բարիք Ձեզ և բարգավաճում Ձեր ընկերությանը։ Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին։
— Շնորհակալություն հետաքրքիր հարցերի համար, հարգելի Միքայել։
Իմ կողմից Ձեր ամսագրին մաղթում եմ միլիոն բաժանորդ և երկար տարիների հաջողություններ։
Իսկ ընթերցողներին մաղթում եմ լինել առողջ, հաջողակ և լողալ բարեկեցության և անվտանգության օվկիանոսում։
Կարդալ աղբյուրում (ռուսերեն)՝ Հայկ Գաբրիելյան — ВЕЧЕР

