Խոցելիությունը վերաբերում է 2012–2022 թվականներին արտադրված մեքենաներին։
Ամեն անգամ, երբ սեղմում եք բանալու կոճակը, կեղծպատահական թվերի գեներատորը մեքենային ուղարկում է կիսապատահական կոդ՝ հրահանգելով, ասենք, բացել դռները կամ բարձրացնել ավտոտնակի դարպասը։ Այնուհետև մեքենան այդ կոդը համեմատում է վավեր կոդերի ցանկի հետ և, եթե այն օրինական է, կատարում հրամանը։ Ենթադրվում է նաև, որ նախորդ կոդերը դառնում են անվավեր, որպեսզի չարագործները չկարողանան կրկին օգտագործել դրանք։
Ահա թե որն է խնդիրը. կա կոդերի ևս մեկ խումբ, որը նախատեսված է այն դեպքի համար, երբ բանալին մեքենայի գործողության գոտուց դուրս է։ Honda մեքենաների դեպքում հաքերները որսում և ձայնագրում են այդ անվավեր կոդերը։ Նրանք դրանք օգտագործում են թվերի գեներատորը վերահամաժամացնելու համար, ինչը հետագայում թույլ է տալիս առևանգել մեքենան։
Հետազոտողները հայտնաբերված խոցելիությունն անվանել են RollingPWN և հայտարարել, որ դրա ազդեցությանը ենթակա են Honda-ի կողմից 2012–2022 թվականներին արտադրված բոլոր մեքենաները։
Փորձագետները հաջողությամբ փորձարկել են գրոհը 2012–2022 թվականների Honda-ի 10 ամենատարածված մոդելների վրա, որոնց թվում են՝
- Honda Civic 2012
- Honda X-RV 2018
- Honda C-RV 2020
- Honda Accord 2020
- Honda Odyssey 2020
- Honda Inspire 2021
- Honda Fit 2022
- Honda Civic 2022
- Honda VE-1 2022
- Honda Breeze 2022
Չնայած բոլոր մեղադրանքներին ու ապացույցներին՝ Honda-ն հերքում է RollingPWN-ի գոյությունը։
Մասնագետները նաև նշել են, որ խոցելիության օգտագործմամբ գրոհի հետքերը հնարավոր չէ հայտնաբերել, քանի որ այն գրառումներ չի թողնում մատյաններում։ Նման գրոհի զոհ չդառնալու համար հետազոտողները խորհուրդ են տալիս թարմացնել բանալու խոցելի ծրագրակազմը և կանխարգելման նպատակով այն պահել Ֆարադեյի վանդակում։ Եթե արդեն RollingPWN-ի զոհ եք դարձել, պետք է անհապաղ դիմել դիլերային կենտրոն և վերակայել բանալին։
Հիշեցնենք, որ հաքերներից տուժում է ոչ միայն Honda-ն։ Այս տարի հետազոտողները բազմաթիվ խոցելիություններ են հայտնաբերել Tesla էլեկտրամոբիլներում։ Bluetooth LE արձանագրության և Tesla-ի բանալի-քարտերի խոցելիությունները չարագործներին թույլ էին տալիս ներթափանցել էլեկտրամոբիլի սրահ և գործարկել շարժիչը։
Մանրամասն (ռուսերեն)՝ https://www.securitylab.ru/news/532738.php?ref=123

