Հոգնե՞լ եք հիշել մի քանի բառ, որոնք ստեղծել եք վեց ամիս առաջ՝ առնվազն 8 նիշով, մեկ մեծատառով, մեկ թվով և մեկ հատուկ նշանով։ Առանց գաղտնաբառի նույնականացմանն անցումն ավելի ու ավելի է մոտենում։
Ոչ ոքի չի ուրախացնում ՏՏ խնդիր լուծելու համար cookie ֆայլերը մաքրելու հեռանկարը, որովհետև դա նշանակում է կորցնել ավտոմատ մուտքը համացանցի բոլոր կայքեր ու հավելվածներ։ Իսկ ո՞վ կարող է հիշել այդ բոլոր տարբեր գաղտնաբառերը։
Չէ՞ որ դրանք ամենուր տարբեր են։
Մայիսի 5-ին՝ Գաղտնաբառերի համաշխարհային օրը, անվտանգության փորձագետներն ու տեխնոլոգիական ընկերությունները օգտվեցին առիթից՝ ոլորտին ներկայացնելու այն նախաձեռնությունները, որոնք նրանք իրականացնում են առանց գաղտնաբառերի պաշտպանված ապագա կառուցելու համար։ Եվ որքան շուտ դա լինի, այնքան լավ։
Գաղտնաբառերի խնդիրը
SpyCloud-ի՝ անձնական տվյալների բացահայտման մասին 2022 թվականի տարեկան զեկույցի համաձայն՝ վերջին մի քանի տարիներին կիբերգրոհների հիմնական ուղղությունը եղել են կրկնակի օգտագործվող գաղտնաբառերը։ Զեկույցում նաև նշվում է, որ անցած տարի մեկից ավելի գաղտնաբառ ունեցող օգտատերերի շրջանում գաղտնաբառերի կրկնակի օգտագործման մակարդակը կազմել է 64%։
Բայց ինչպե՞ս հիշել այդ բոլոր գաղտնաբառերը։ NordPass-ի 2021 թվականի հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ տարվա ամենատարածված գաղտնաբառը եղել է «123456»-ը, իսկ հինգերորդը՝ «password» («գաղտնաբառ») բառը։
Ակնհայտ է, որ գաղտնաբառերի աշխարհում ինչ-որ բան վաղուց է կոտրված։ Եվ թեև բազմագործոն նույնականացումը կազմակերպությունների համար անվտանգության լրացուցիչ մակարդակ է ապահովում, այն միաժամանակ նվազեցնում է արտադրողականությունը՝ ստիպելով աշխատակիցներին ընդհատել աշխատանքը՝ կոդ մուտքագրելու կամ մատնահետք տրամադրելու համար։ Որքան անհարմար են անվտանգության միջոցները, այնքան մեծ է հավանականությունը, որ օգտատերերը դրանք շրջանցելու ճանապարհ կփնտրեն, օրինակ՝ կրկին կօգտագործեն նույն գաղտնաբառերը։
Անցում գաղտնաբառերից հրաժարվելուն
«Գաղտնաբառերի ամբողջական վերացումը ժամանակին համարձակ գաղափար էր թվում,— ասում է Գրեգ Ստյուկլինը՝ WSO2 ընկերության Հյուսիսային Ամերիկայի գծով փոխնախագահն ու գլխավոր մենեջերը. ընկերությունը, ի թիվս այլնի, ստեղծում է նույնականացման սերվեր։— Այժմ արդեն այդպես չէ, հատկապես եթե հաշվի առնենք Verizon-ի՝ տվյալների արտահոսքի հետաքննությունների մասին 2021 թվականի զեկույցը։ Այնտեղ նշվում էր, որ հաշվային տվյալների՝ օգտանվան և գաղտնաբառի խոցելիությունները կազմում են տվյալների բոլոր արտահոսքերի ավելի քան 84%-ը»։
Ստյուկլինի խոսքով՝ օգտատերերին նույնականացնելու ավելի պարզ և արդյունավետ եղանակներ կան, այդ թվում մուտքի այլընտրանքային տարբերակներ, ինչպիսիք են Fast ID Online 2.0 (FIDO2) ստանդարտը կամ կենսաչափական տվյալները, անվտանգության բանալիներն ու միացվող նույնականացուցիչները։
Մարկ Ռուչին, թվային անվտանգությամբ և տվյալների պաշտպանությամբ զբաղվող Entrust ընկերության տեղեկատվական անվտանգության տնօրենը, ասում է, որ բջջային push-թոքենները, վկայականների վրա հիմնված հաշվային տվյալները և կենսաչափության տարբեր ձևերը կարող են աշխատակիցների համար ավելի հարմար աշխատանք և ավելի հզոր անվտանգության ենթակառուցվածք ապահովել՝ սպառնալիքների լայն շրջանակի համար գրոհի ավելի փոքր մակերեսով։
«Քանի որ կիբերգրոհներն ավելի ու ավելի բարդ են դառնում, իսկ նոր տեխնիկական մասնագետները՝ ավելի ու ավելի քիչ, ձեռնարկությունները հասկանում են, որ գաղտնաբառերը գլխացավանք են ոչ միայն ՏՏ բաժինների, այլև աշխատակիցների համար։ Դրանք յուրաքանչյուր տեղեկատվական անվտանգության տնօրենի կյանքի անեծքն են»,— ասում է Ռուչին։
Apple-ը, Google-ը և Microsoft-ն ընդլայնում են FIDO-ի աջակցությունը
Այս շաբաթ՝ Գաղտնաբառերի համաշխարհային օրվա կապակցությամբ, երեք տեխնոլոգիական հսկաները խոստացել են ընդլայնել FIDO-ի աջակցությունը։ FIDO դաշինքի հրապարակած հայտարարության համաձայն՝ Apple-ը, Google-ը և Microsoft-ը հայտարարել են առանց գաղտնաբառի մուտքի հասանելիության արագացման մասին։ Երեքն էլ արդեն աջակցում են դաշինքի ստանդարտներին, սակայն այս շաբաթվա հայտարարությունն ավելացնում է երկու նոր հնարավորություն՝ թույլ տալ օգտատերերին ավտոմատ մուտք գործել իրենց FIDO հաշվային տվյալներին կամ «գաղտնաբանալիներին» տարբեր սարքերում՝ առանց յուրաքանչյուր հաշիվ նորից գրանցելու, և հնարավորություն տալ օգտագործել FIDO նույնականացումը բջջային սարքում՝ մոտակա սարքի վրա հավելված կամ կայք մուտք գործելու համար՝ անկախ օգտագործվող օպերացիոն համակարգից կամ դիտարկիչից։
Google-ի՝ անվտանգ նույնականացման գծով արտադրանքի մենեջեր Սամպաթ Սրինիվասն իր բլոգում հայտարարել է, որ ընկերությունը Android-ում և Chrome-ում կներդնի FIDO մուտքի ստանդարտների առանց գաղտնաբառի աջակցություն։
Microsoft Tech Community կայքում ինքնության և ցանցային հասանելիության ստորաբաժանման արտադրանքի կառավարման գծով փոխնախագահ Ալեքս Սայմոնսը գրել է, որ ընկերությունը ներկայացնում է մի քանի նոր հնարավորություն, այդ թվում առանց գաղտնաբառի մուտք Windows 365-ի, Azure Virtual Desktop-ի և վիրտուալ աշխատասեղանների ենթակառուցվածքի համար։ Սայմոնսի խոսքով՝ այդ գործառույթներն այժմ նախնական տարբերակով հասանելի են Windows 11-ի ինսայդերներին։
Windows Hello for Business Cloud Trust-ը տեղակայման նոր մոդել է, որը կարող է վերացնել բաց բանալիների ենթակառուցվածքի և Azure Active Directory-ի ու տեղային դոմենային կարգավորիչների միջև բաց բանալիների համաժամացման նախկին պահանջները։ Microsoft Authenticator-ն այժմ թույլ է տալիս օգտագործել մեկի փոխարեն մի քանի հաշիվ՝ այս ամսվա վերջից iOS սարքերում, իսկ ավելի ուշ՝ Android-ում։ Բացի այդ, հաջորդ ամսվանից Microsoft-ը Azure AD-ում կավելացնի ժամանակավոր մուտքի անցաթուղթ՝ ժամանակով սահմանափակված գաղտնաբառ, որը կազմակերպություններին թույլ է տալիս նոր Windows սարքեր կարգավորել առանց գաղտնաբառի։
Այս նվաճումները պետք է երկար սպասված փոփոխություն դառնան թե՛ կորպորատիվ, թե՛ սովորական օգտատերերի համար, ովքեր հոգնել են մի քանի գաղտնաբառ հիշելու փորձերից։
«Գաղտնաբառերի համաշխարհային օրը եկեք պարտավորվենք ազատել սպառողներին գաղտնաբառերից և փոխարենը նրանց առաջարկել առաջադեմ այլընտրանքներ, որոնք նրանց և ձեր տվյալների պաշտպանությունը կդարձնեն ավելի պարզ, քան երբևէ»,— ասում է Ստյուկլինը։
Կարդալ աղբյուրում (ռուսերեն)՝ https://bit.ly/3nktVEo

