Facebook-ի մի քանի ներկայիս և նախկին աշխատակիցների խոսքով՝ Մարկ Ցուկերբերգն այնքան է տարված մետատիեզերքի ստեղծմամբ, որ դա հիասթափեցնում է իր համար աշխատող մարդկանց։
Վերջերս աշխատանքից հեռացած նախկին տնօրեններից մեկի խոսքով՝ դա «միակ բանն է, որի մասին Մարկն ուզում է խոսել»։
Ընկերությունը բարձրաձայն հայտարարում է իր նոր ուղղության մասին՝ «ստեղծելով մետատիեզերքին հատուկ թիմեր», այդ թվում մեկը, որը կընդգրկի ընկերության բոլոր խմբերը և կունենա մարդկանց տեղեկացնելու խնդիր, որ «գոյություն ունի մետատիեզերքի գործողությունների ծրագիր». այսպես է նա բնութագրում իր կարևոր ռազմավարությունը և բիզնեսի ներկայիս դժվարությունները։
Սակայն որոշ աշխատակիցներ դեռ շփոթված են։ «Դա հիմնականում անկազմակերպվածություն և անհանգստություն է առաջացնում,— ասել է ներկայիս աշխատակիցներից մեկը։— Թվում է՝ մարդիկ իրականում չգիտեն՝ ինչ անել և ինչի վրա աշխատել, որովհետև դեռ համաձայնեցված ռազմավարություն չկա»։
Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ ընկերությունը «վճռորոշ շրջան է ապրում, և մենք գնում ենք վա-բանկ»։
«Շատերը ոգևորված են, բայց միաժամանակ շատ հարցեր ունեն»,— հավելել է ընկերության ներկայացուցիչը։
Facebook-ը վերանվանվել է Meta։ Անցյալ տարի ընկերությունը 10 միլիարդ դոլար է կորցրել իր Reality Labs բաժնում, որը զբաղվում է մետատիեզերքի նախագծերով։ Նույնքան էլ այն մտադիր է ծախսել այս տարի և, հնարավոր է, դեռ շատ տարիներ։ Ցուկերբերգն ասել է, որ մետատիեզերքը երկարաժամկետ նախագիծ է, որն ամբողջությամբ չի մշակվի մեկ տասնամյակ կամ ավելի։
Վերջերս աշխատանքից հեռացած մեկ այլ աշխատակցի խոսքով՝ ծախսված այսքան գումարի դիմաց դեռ քիչ բան կա ցույց տալու։ «Դեռ չկա ոչինչ, որին կարելի է դիպչել կամ նայել, էլ չեմ ասում՝ օգտագործել,— ասել է նա,— հաշվի առնելով մետատիեզերքի մասին բոլոր հռչակագրերը»։
Կարդալ աղբյուրում (ռուսերեն)՝ https://bit.ly/3ykKjL8

