2017 և 2018 թվականներին, երբ որոշ աշխատողներ ձգտում էին արհմիություն ստեղծել Կալիֆոռնիայի Ֆրիմոնթ քաղաքում գտնվող Tesla-ի գործարանում, Իլոն Մասկի էլեկտրամոբիլներ արտադրող ընկերությունը վճարել է MWW PR խորհրդատվական ընկերությանը՝ Facebook-ի խմբում աշխատակիցներին հետևելու և սոցիալական ցանցերն ավելի ուշադիր դիտարկելու համար։ Այդ մասին են վկայում հաշիվ-ապրանքագրերը և այլ փաստաթղթեր, հաղորդում է CNBC-ն։
Աշխատանքը նկարագրող փաստաթղթերի համաձայն՝ MWW PR-ը ուշադիր հետևում էր երկու բանի՝ Tesla-ում անարդար աշխատանքային պրակտիկայի մասին քննարկումներին և սեռական ոտնձգությունների վերաբերյալ դատական գործընթացին։
Թեև Tesla-ի կողմից աշխատակիցներին առցանց հետևելը հաստատող գրառումները տարիների վաղեմություն ունեն, դրանք նոր արդիականություն են ստանում այն դիտորդների համար, ովքեր ձգտում են ավելի լավ հասկանալ գլխավոր տնօրեն Իլոն Մասկի առաջնահերթությունները սոցիալական ցանցերի հարցում։
Մասկը վերջերս 44 միլիարդ դոլարի գործարք է կնքել Twitter-ը գնելու համար. սա այն սոցիալական ցանցն է, որին նա տարիներ շարունակ ապավինել է՝ իր ընկերությունները գովազդելու և ենթադրյալ թշնամիներին՝ կարճ վաճառողներին, ազդարարներին, UAW արհմիությանը, լրագրողներին և Դեմոկրատական կուսակցության ընտրովի պաշտոնյաներին ծաղրելու կամ քննադատելու համար։ Ակնկալվում է, որ գործարքի ավարտից հետո նա կդառնա Twitter-ի ժամանակավոր գլխավոր տնօրենը։
Գրառումները ցույց են տալիս, որ Tesla-ն վճարել է MWW PR-ին՝ Facebook-ում Tesla-ի աշխատակիցներին հետևելու համար՝ արհմիութենական կազմակերպչական ջանքերի մասին մեկնաբանություններ բացահայտելու և հատկապես կազմակերպիչների վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։
Այդ ժամանակ Tesla-ի գլոբալ հաղորդակցության տնօրեն Դեյվ Առնոլդը կապված էր այն PR և խորհրդատվական ընկերության հետ, որը ավտոարտադրողը վարձել էր այդ աշխատանքի համար։ MWW-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ նա շուրջ 4 տարի՝ 2011-ից 2015 թվականը, աշխատել է MWW-ում որպես փոխնախագահ, իսկ մինչ այդ եղել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Էնթոնի Վայների (Դ–Նյու Յորք) հասարակայնության հետ կապերի տնօրենը։
Tesla-ն և Իլոն Մասկը տարիներ շարունակ բախվել են արհմիությունների կողմնակիցների հետ։ 2017 թվականին Tesla-ն աշխատանքից ազատել է Ռիչարդ Օրտիս անունով արհմիութենական ակտիվիստի, իսկ 2018 թվականին Մասկը Twitter-ում գրառում է արել, որը ճանաչվել է դաշնային աշխատանքային օրենսդրության խախտում։ Աշխատանքային հարաբերությունների ազգային խորհուրդը հրամայել է Tesla-ին վերականգնել Օրտիսին և պահանջել, որ Մասկը ջնջի իր գրառումը, որը, խորհրդի կարծիքով, սպառնում էր աշխատողների փոխհատուցմանը։ Tesla-ն բողոքարկել է վարչական դատարանի որոշումը, և գրառումը մնացել է։
Մասկը քննադատել է Դեմոկրատական կուսակցության շատ ընտրովի պաշտոնյաների, այդ թվում նախագահ Ջո Բայդենին, նրանց արհմիութենամետ հայացքների համար։ Վերջերս նա հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում մտադիր է քվեարկել հանրապետականների օգտին, քանի որ «Դեմոկրատական կուսակցությունը չափազանց վերահսկվում է արհմիությունների» և խմբային հայցեր ներկայացնող փաստաբանների կողմից։ Տեխասում և Կալիֆոռնիայում գտնվող Tesla-ի գործարաններում երբևէ արհմիութենական ընտրություններ չեն անցկացվել։
MWW PR-ի ներկայացուցիչը CNBC-ին ասել է.
«2017–2018 թվականներին MWW-ն խորհրդատվություն է տրամադրել Tesla-ին աշխատակիցների հետ լայն փոխգործակցության հարցերով՝ ընկերության արագ աճի շրջանում։ Ընդունված պրակտիկա է վերլուծել ընկերության մասին լրատվամիջոցների լուսաբանումն ու հանրային սոցիալական քննարկումները՝ շահագրգիռ կողմերի խնդիրների և բրենդի մասին պատկերացումների մասին գաղափար կազմելու համար»։
Առնոլդը և Tesla-ն չեն պատասխանել մեկնաբանության խնդրանքներին։
«Սոցիալական ունկնդրում»՝ ընդդեմ հետևման
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր և Բրուքինգսի ինստիտուտի աշխատակից Ջոն Վիլյասենորի խոսքով, ում հետազոտությունները կենտրոնացած են հասարակության, իրավունքի և պետական քաղաքականության վրա տեխնոլոգիաների ազդեցության վրա, ընկերությունները ծանրակշիռ պատճառներ ունեն հետևելու, թե ինչ են իրենց աշխատակիցները հրապարակում համացանցում։
Նա ասել է. «Ենթադրենք՝ ունեք աշխատակից, որը համացանցում հրապարակայնորեն ամեն տեսակ ռասիստական հայտարարություններ է անում։ Կարելի է պնդել, որ դա իմանալը ընկերության շահերից է բխում։ Եթե մարդն ասում է մի բան, որն ուղղակիորեն վերաբերում է աշխատանքին նրա համապատասխանությանը, դուք կցանկանայիք դա իմանալ և չեք կարող պարզապես ասել, որ դա մեր գործը չէ»։
Վիլյասենորը նշել է, որ կան նաև հստակ էթիկական սահմաններ, որոնք չպետք է հատել, երբ խոսքը վերաբերում է սոցիալական ցանցերում աշխատակիցների էջերին և գրառումներին հասանելիությանը։
Սիրակյուզի համալսարանի դոցենտ Ջենիֆեր Մ. Գրիգիելը, ում հետազոտությունները կենտրոնացած են քարոզչության և սոցիալական ցանցերի վրա, CNBC-ին ասել է, որ ընկերությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը խախտում է աշխատողների իրավունքները, հատկապես արհմիություն քննարկելու, ստեղծելու կամ դրան անդամակցելու իրավունքը։
«Ցանկացած կազմակերպություն կարող է զբաղվել «սոցիալական ունկնդրմամբ»՝ օգտագործելով սոցիալական ցանցերի հանրային տվյալները՝ արտադրանքի մշակման համար տեղեկություններ ստանալու կամ ընտրողների, հանրության և աշխատակիցների տրամադրությունները հասկանալու համար և այլն,— ասել է Գրիգիելը։— Բայց ԱՄՆ-ում կան օրենքներ, որոնք պաշտպանում են մարդկանց՝ միավորվելու իրավունքը։ Եթե դուք PR գործակալություն կամ մենեջեր եք, որը պետք է ներթափանցի կիսափակ խումբ՝ դա ազնիվ չէ։ Եվ կասկածում եմ, որ Tesla-ն PR ընկերություն կուղարկեր պարզելու, թե ինչպես աջակցել կազմակերպչական աշխատանքներին մասնակցող աշխատողներին»։
Երեք մարդ, ովքեր 2018 թվականին Tesla-ի ֆրիմոնթյան գործարանի աշխատակիցներ էին, CNBC-ին պատմել են, որ գործընկերներն իրենց զգուշացրել են սոցիալական ցանցերում չկապվել իրենց ղեկավարների հետ և չմիանալ Tesla-ի աշխատակիցների խմբերին, եթե չեն ճանաչում խմբի յուրաքանչյուր անդամի, այդ թվում ադմինիստրատորին։ Եվս երկու մարդ, ովքեր այսօր աշխատում են ընկերությունում, ասել են, որ աշխատակիցները ենթադրում են, թե Tesla-ն ուշադիր հետևում է սոցիալական ցանցերում իրենց գրառումներին։
Ընկերության ներսում աշխատակիցները հաղորդակցվում են մի քանի հարթակներում, այդ թվում Mattermost-ում (բաց կոդով չատ) և Teams-ում (Microsoft-ի տեսակոնֆերանսների հարթակ), սակայն Tesla-ն չի օգտագործում Facebook Workplace-ը և չէր օգտագործում այն 2018 թվականին։
Tesla-ի հաղորդակցության գործող քաղաքականությունը, որը ստացել է CNBC-ն, սահմանում է, որ ղեկավարները չպետք է մուտք գործեն ենթակաների սոցիալական ցանցերի էջեր, եթե դրա համար հստակ գործնական պատճառ չկա։ Քաղաքականությունը նաև խորհուրդ չի տալիս աշխատակիցներին համացանցում արտահայտվել աշխատանքային խնդիրների մասին և զգուշացնում է.
«Աշխատանքային խնդիրները լուծելու ավելի մեծ հավանականություն ունեք, եթե անմիջապես խոսեք գործընկերների, ղեկավարի կամ այլ կառավարչական անձնակազմի հետ, դիմեք անձնակազմի հարցերով ձեր գործընկերոջը կամ օգտվեք Tesla-ի ազնվության գծից, քան եթե ձեր մտահոգությունները հրապարակեք համացանցում»։
Կարդալ աղբյուրում (ռուսերեն)՝ https://bit.ly/3bzgZb7

