Skip to content

Իսպանիայում ձերբակալվել են ոստիկաններ և մաքսավորներ, որոնք օգնում էին կոկաին և հաշիշ ներմուծել Եվրոպա

Եվրոպոլի Ֆինանսական և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի եվրոպական կենտրոնի աջակցությամբ Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան (Guardia Civil) և Ազգային ոստիկանությունը (Policía Nacional) վնասազերծել են թմրանյութերի ապօրինի շրջանառության ցանց, որը, ենթադրաբար, ապավինում էր կոռումպացված իրավապահներին և մաքսավորներին՝ մի քանի հարյուր միլիոն եվրո արժողությամբ կոկաին և հաշիշ Արևմտյան Եվրոպա տեղափոխելու համար։

Ձերբակալությունները հաջորդել են «Clan de Tanger» և «Clan del Sur» անուններով հայտնի երկու հանցավոր խմբավորումների գործունեության 18-ամսյա հետաքննությանը։ Ենթադրվում է, որ նրանք Ջիբրալթարի նեղուցով Իսպանիա են մաքսանենգ ճանապարհով տեղափոխել ավելի քան 16 տոննա կոկաին և 150 տոննա հաշիշ՝ հետագայում Եվրոպայում տարածելու համար։

‼️ Հանցավոր կազմակերպությունը վճարում էր կոռումպացված իրավապահներին և մաքսավորներին, որպեսզի Իսպանիայի Ալխեսիրաս նավահանգստով ներմուծման ժամանակ թմրանյութերը չբռնագրավվեին։

Հետաքննության ընթացքում Իսպանիայի իշխանություններն անցկացրել են 34 խուզարկություն, որոնց արդյունքում՝

  1. ձերբակալվել է 61 մարդ, այդ թվում 7-ը՝ այլ երկրների տված եվրոպական ձերբակալման օրդերների հիման վրա.
  2. բռնագրավվել է 3 միլիոն եվրոյից ավելի արժողությամբ 26 անշարժ գույք.
  3. բռնագրավվել է 400 000 եվրոյից ավելի արժողությամբ 17 ավտոմեքենա.
  4. առգրավվել է ավելի քան 1 միլիոն եվրո կանխիկ գումար.
  5. առգրավվել է ավելի քան 83 տոննա հաշիշ և 9 տոննա կոկաին։

Կարդալ աղբյուրում՝ https://bit.ly/3OGZcg5